Կորյուն Նահապետյանը 2018 թ. պաշտպանության ոլորտի բյուջեն բանակի արդիականացման նոր փուլի իրականացման հնարավորություն է համարում
EconomicsՀայաստանի Հանրապետության 2018 թ. պետական բյուջեի նախագիծը հնարավորություն է տալու լուծել զինված ուժերի առջև դրված առանցքային խնդիրներ՝ սպառազինության, ռազմարդյունաբերական համալիրի բարելավման, առաջնագծի կահավորման, թիկունքային ապահովման և մի շարք այլ առանցքային ուղղություններով: Ազգային ժողովում ՀՀ 2018 թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ընթացքում նման կարծիք հայտնեց ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:
«Նպատակային քաղաքականություն է իրականացվելու մի շարք ֆինանսական աղբյուրների համադրմամբ զինված ուժերի ռազմատեխնիկական հնարավորությունները բարձրացնելու ուղղությամբ»,- նշեց Նահապետյանը:
Պատգամավորն ընդգծեց, որ առաջիկա տարիների բյուջեի պլանավորման գործընթացի բարելավմանը, հատկապես պաշտպանության բյուջեի թափանցիկության ապահովմանը նպաստելու են սահմանադրական փոփոխությունները:
«Այդ փոփոխությունների արդյունքում մենք ձեռք ենք բերել համապատասխան վերահսկողական գործիքներ: Մենք այս փուլում ունենք որոշակի առաջընթաց, սակայն դեռևս կան զգալի անելիքներ: Վստահ եմ, որ 2018 թ. սկսած՝ մենք պետք է կարողանանք բյուջեի կազմման մեթոդաբանական որոշակի խնդիրներ վերանայել և առավելապես բարձրացնել այդ գործընթացի թափանցիկությունը»,- ասաց Կորյուն Նահապետյանը:
Նա վստահություն հայտնեց, որ պաշտպանության ոլորտի բյուջեն էապես մեծացնելու է զինված ուժերի կարողությունները, նպաստելու է բանակի արդիականացման նոր փուլի իրականացմանը: