Իրանի և Թուրքիայի նախագահները ԱՄՆ դեսպանությունը Երուսաղեմ տեղափոխելու մտադրությունն «անօրինական» են անվանել
International newsԻրանի նախագահ Հասան Ռոհանին հեռախոսազրույց է ունեցել իր թուրք պաշտոնակցի՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում քննարկվել է Թրամփի՝ ԱՄՆ դեսպանությունը Երուսաղեմ տեղափոխելու մտադրությունը:
Ինչպես հայտնում է Press TV-ն, երկու կողմն էլ խստիվ դատապարտել են ԱՄՆ նախագահի այդ քայլն՝ այն անվանելով «անօրինական և ապակայունացնող»:
Սպիտակ տան ներկայացուցիչն ավելի վաղ հայտնել էր, որ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշման մասին Թրամփը կհայտարարի դեկտեմբերի վեցին: Փորձագետների կարծիքով՝ այդ քայլին կարող է հետևել ԱՄՆ-ի կողմից Երուսաղեմի իրավաբանական ճանաչումը որպես Իսրայելի մայրաքաղաք:
«Վստահ ենք, որ ստեղծված իրավիճակում բոլոր իսլամական պետությունները պետք է միաձայն լուրջ քայլ անեն ԱՄՆ-ի այս անօրինական, սադրիչ և բավականին վտանգավոր գործողության դեմ», - նշել է Ռոհանին Էրդողանի հետ զրույցում:
Ռոհանին հայտնել է, որ Իրանը կմասնակցի Իսլամական համագործակցության կազմակերպության արտահերթ գագաթնաժողովին, որը հրավիրել է Էրդողանը:
ԱՄՆ Կոնգրեսը 1995-ին օրենք էր ընդունել Իսրայելում ամերիկյան դեսպանությունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու մասին, սակայն քաղաքի վիճահարույց կարգավիճակի և արաբա-մուսուլմանական հարաբերությունների լարվածության պատճառով ամերիկացի նախագահները, այդ թվում և Թրամփը, վեց ամիսը մեկ այդ որոշումը հետաձգող փաստաթուղթ էին ստորագրում: