«Հին Խնձորեսկ» ծրագրով կներդրվի 25 մլն դոլար և կստեղծվի 400-ից ավելի նոր աշխատատեղ
EconomicsՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Հին Խնձորեսկ» 2018-2025 թվականների ներդրումային ծրագրին: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշեց, որ կառավարության առաջնահերթություններից է ներդրումների խթանումը և գերակա ոլորտներում ռազմավարական նշանակություն ունեցող ներդրումային ծրագրերի իրականացումը, որոնք նպատակաուղղված են աշխատատեղերի ստեղծման և բնակչության կենսամակարդակի բարձրացման ապահովմանը:
«Ծրագրի նպատակն է բարձրացնել մարզի զբոսաշրջային գրավչությունը՝ ստեղծելով նոր համապատասխան ենթակառուցվածք, այդ թվում՝ ֆունիկուլյոր, զիփլայն, ակտիվ հանգստի և առողջապահական համալիրներ, հյուրանոց և այլն։ Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսված է շուրջ 25 մլն դոլարի ներդրում և 400-ից ավելի ուղղակի և անուղղակի աշխատատեղի ստեղծում»,- ասաց Կարայանը։
ՀՀ կառավարությունը նպատակադրում է 2017-2022 թվականներին իրականացվելիք քայլերի և միջոցառումների արդյունքում տարեկան զբոսաշրջային այցելությունների թիվը հասցնել առնվազն 3 միլիոնի:
Ծրագրի շրջանակում արդեն իսկ աշխատանքներ են տարվում արտասահմանյան հայտնի Garaventa AG, KSIL, Ibis, Novotel և մի շարք գերմանական կլինիկաների հետ։
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը նկատեց, որ ներկայում այս տարածքում որևէ այլ տնտեսվարողի գործունեությունն արգելվում է։ «Ներդրողն, իհարկե, ստանում է առավելություն. խոշոր ներդրումներ է իրականացնում, բայց այլ ներդրողի երկար ժամանակով սահմանափակվում է գործունեություն իրականացնել այս տարածքում: Այսինքն՝ 100 տարի որևէ տնտեսվարող որևէ գործունեություն չի կարող անել: Հասկանում ենք, որ ներդրողի համար սա առավելություն է, բայց, կարծում ենք, մի քիչ խիստ է դրված», - ասաց Շաբոյանը:
Վարչապետ Կարեն Կարապետյանն հանձնարարեց նախագիծը մեկ օր լրացուցիչ քննարկել: