Կառավարությունն առաջարկում է կորպորատիվ կառավարման սկզբունքներին դեմ նորմը հանել հարկային օրենսգրքից
EconomicsՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանը «Հարկային օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով շահաբաժինների առնչությամբ ճշգրտման առաջարկը որակում է որպես առաջընթաց:
Պաշտոնյան նշեց, որ շահաբաժինների հարկման հետ կապված երեք փոփոխություն է առաջարկվում, որոնք վերաբերում են ինչպես օտարերկրյա, այնպես էլ ՀՀ քաղաքացի համարվող ֆիզիկական անձանց:
«Մենք ասում ենք` եկեք հարկենք այն շահաբաժինները, որոնք աշխատվել, բաշխվել ու ստացվել են օտարերկրյա ֆիզիկական անձանց համար 2017 թվականի, իսկ ՀՀ ռեզիդենտների համար 2018-ի հունվարի 1-ից հետո: Մտավախություն կար, որ նախկին տարիներին կազմակերպությունների կողմից աշխատած ֆինանսական արդյունքը, որ չէր բաշխվել տարիներ ի վեր ու օրենքի փոփոխության նախաշեմին որպես կուտակված ու չմաշված շահույթ առկա էր կազմակերպություններում, կարող էր հարկվել եկամտային հարկով: Առաջին դեպքում 2017-ից, մյուս դեպքում` 2018-ից հետո աշխատած շահույթները, որոնք կբաշխվեն շահաբաժինների տեսքով, դրանք կհարկվեն եկամտահարկով»-պարզաբանեց փոխնախարարը:
Նրա տեղեկացմամբ`մյուս փոփոխությամբ առաջարկվում է հարկել միայն ընդհանուր ժողովի կողմից հայտարարված կամ փաստացի բաշխված շահաբաժինները: Օրենսգրքի ներկայիս, չփոփոխված տարբերակը սահմանում է`անկախ հանգամանքից, թե մինչև հաջորդ հարկային տարվա հունիսի 30-ը ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողով գումարվել է և կուտակված շահույթըբաշխվել է, թե ոչ, հարկման նպատակով դրանք համարվելու են բաշխված:
«Այս իրավական նորմը հանում ենք, քանի որ այն կորպորատիվ կառավարման սկզբունքներին դեմ է»,-հայտարարեց Դավիթ Անանյանը: