Սաակաշվիլին հայտարարել է անժամկետ հացադուլ սկսելու մասին
International newsՎրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է անժամկետ հացադուլ սկսելու մասին։ Այդ մասին, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, շաբաթ ասել է նրա փաստաբան Ռուսլան Չերնոլուցկին։
«Սաակաշվիլին հայտարարել է անժամկետ հացացադուլ սկսելու մասին։ Նաև ասում է, որ բռնի կերպով կերակրումից նույնպես հրաժարվում է։ Եթե նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվի 60-օրյա կալանքը, նա կշարունակի հացադուլը»,- ասել է Չերնոլուցկին քննչական մեկուսարանից դուրս գալուց հետո։
Ուրբաթ ուշ երեկոյան Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն հայտարարել է, որ Սաակաշվիլին ձերբակալվել է և տարվել քննչական մեկուսարան։ Նա ձերբակալվել է հանցախմբերի անդամներին աջակցելու ու նրանց հանցավոր գործունեությունը քողարկելու մասին քրեական գործի շրջանակում:
Սաակաշվիլին խնդրել է իր աջակիցներին չհավատալ իր դեմ ներկայացված մեղադրանքներին։
«Նա նաև խնդրել է իր կնոջը դառնալ իր խոսնակը, իր հանրային ներկայացուցիչը»,- ասել է փաստաբանը Սաակաշվիլիի հետ մեկուսարանում հանդիպումից հետո։
Հիշեցնենք, որ Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցներն օրեր առաջ խուզարկում են իրականացրել և ձերբակալել Միխեիլ Սաակաշվիլիին: Այնուամենայնիվ, Օդեսայի շրջանի նախկին նահանգապետի աջակիցները որոշ ժամանակ անց կոտրել են Անվտանգության ծառայությանը պատկանող միկրոավտոբուսի հետևի դուռն ու ազատել քաղաքական գործչին: Այնուհետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել էր, որ չի գնա Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոյի մոտ հարցաքննության, քանի որ նրան ոչ լեգիտիմ է համարում: Նա քննիչներին հրավիրել էր Կիևում Գերագույն ռադայի մոտ տեղակայված վրանային պալատ և հայտարարել, որ պատրաստ է նրանց ընդունել այնտեղ։
Նշենք, որ Ուկրաինայի գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Լարիսա Սարգանը հայտնել էր, որ Սաակաշվիլիի նկատմամբ հետախուզում է հայտարարվել երեք հոդվածով։