Գվարդիոլա. Մոուրինյոյի հետ երկվորյակ ենք
SportԱնկասկած, տիտղոսներ նվաճելու ձգտման հարցում ես եւ Մոուրինյոն երկվորյակ ենք, ասել է «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մանչեսթերյան դերբիից առաջ:
«Մոուրինյոն ցանկանում է տիտղոսներ նվաճել, ես նույնպես ունեմ այդ ցանկությունը: Նույնը ցանկանում են Մաուրիսիո Պոչետինոն, Անտոնիո Կոնտեն, Յուրգեն Կլոպը: Մենք սիրում ենք մրցել, հաղթել: Բայց հավատացեք, որ եթե մենք հաղթում ենք Մոուրինյոյի գլխավորած թիմը, դա ինչ-որ առանձնահատուկ իրադարձություն չէ:
Մենք հաճախ ենք հանդիպել կարեւոր դիմակայություններում: Ես հասկանում եմ, որ խաղի վերաբերյալ մեր հայացքները տարբերվում են, եւ դա նորմալ է: Ես երբեք չեմ քննադատում գործընկերներիս խաղաոճի համար: Ամեն մարզիչ ունի իր ոճը: Ինչ արդյունք էլ լինի, ես հարգում եմ իմ գործընկերներին: Եվ երկուսս էլ գիտենք, որ ցանկանում ենք հաղթել իրար»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:
Պրեմյեր լիգայի 16-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» դեկտեմբերի 10-ին կընդունի «Մանչեսթեր Սիթիին»: «Օլդ Տրաֆորդում» կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:30-ին: