«Դեղամիջոց բոլոր հիվանդությունների դեմ». կարկադեի ամենաօգտակար հատկությունները
LifestyleԿարկադեն վառ կարմիր գույնի թեյային ըմպելիք է, որը պատրաստվում է հիբիսկուսի ծաղիկներից: Այն շատ տարածված է Եգիպտոսում և Հնդկաստանում, ունի քաղցրաթթու համ և շատ լավ է ծարավը հագեցնելու համար: Սա է պատճառը, որ այն այդքան տարածված է շոգ երկրներում:
Ըմպելիքը պատրաստվում է հասարակ թեյի նման՝ ծաղիկները եռման ջրում թրմելով:
Իր օգտակար հատկություններով այս ըմպելիքը հավասարը չունի: Այն համարվում է «դեղամիջոց բոլոր հիվանդությունների դեմ»:
Այս թեյը ամրապնդում է մազանոթները, կարգավորում է արյան ճնշումն ու խոլեստերինի մակարդակը, բարելավում է լյարդի ու ենթաստամոքսային գեղձի աշխատանքը, պաշտպանում օրգանիզմը ալկոհոլի տոքսիկ ազդեցությունից: Բացի այդ, այս ըմպելիքը նաև օժտված է հակաբակտերիալ և հակաալերգիկ հատկություններով:
Կարկադեն կարելի է օգտագործել ցանկացած տարիքում: Այն հագեցնում է ծարավը, կարգավորում ախորժակն ու բարելավում մարսողությունը: Հատկանշական է, որ սառը վիճակում այս ըմպելիքն իջեցնում է արյան ճնշումը, իսկ տաք վիճակում՝ բարձրացնում:
Կարկադեի հիմնական բաղադրիչները մրգաթթուներն են, ամինաթթուները, միկրոտարրերը և վիտամինները (հատկապես վիտամին C-ն): Հիբիսկուսի մեջ պարունակվող կվերցիտինը բարելավում է տեսողությունը, հանգստացնում աչքերը, մաքրում օրգանիզմը՝ դուրս բերելով նյութափոխանակության մնացորդները: Կարկադեն խթանում է լեղու արտադրությունը, բարձրացնում լյարդի պաշտպանությունը բացասական ազդեցություններից, բարելավում նյութափոխանակությունը:
Սակայն պետք է հիշել, որ կարկադեն ոչ մի դեպքում չի կարելի ենթարկել երկար ջերմային մշակման (բացառությամբ, եթե բուժման համար խիստ անհրաժեշտ է եռացնել): Այն պետք է պարզապես թրմել:
Ավելի հագեցած ըմպելիք ստանալու համար կարելի է օգտագործել ավելի շատ թուրմ և թրմել ավելի երկար (10-15 րոպե): Սովորաբար կարկադե պատրաստելու համար մեկ բաժակ ջրին անհրաժեշտ է ավելացնել մեկ թեյի գդալ հիբիսկուսի ծաղիկներ:
Կարկադե պատրաստելիս ցանկալի է օգտագործել ապակյա, ճենապակյա կամ կերամիկական սպասք: Ոչ մի դեպքում չի կարելի օգտագործել մետաղյա սպասք, քանի որ այդ ժամանակ ըմպելիքը կկորցնի իր համն ու գույնը: Ճիշտ թրմած ըմպելիքը պետք է ունենա մաքուր, վառ կարմիր գույն:
Կարկադեն կարելի է օգտագործել տարբեր կերպ: Ցուրտ անձրևոտ օրերին այն կարելի է խմել տաք վիճակում մի փոքր շաքարավազով, իսկ ամառվա տապին՝ սառույցով ու կիտրոնով: