Ազատիչ ջան, ի՞նչ է պատահել
AnalysisԸնդունված տեսակետ կա, որ մարդը որքան ծերանում է այնքան ավելի ազնիվ է դառնում: Ասել կուզե՝ ինքնախարազանման մեխանիզմը սկսում է աշխատել: Այդ առումով, բացառիկ անկեղծությամբ աչքի ընկավ Սերժ Սարգսյանը:
Դիլիջանում ունեցած ծրագրային ելույթի ժամանակ, նա արեց մի շարք պնդումներ, որոնց մասին վաղուց տեղյակ էինք: Սակայն այլ է, երբ տեղյակ ես, բոլորովին այլ է, երբ երկրի առաջին դեմքն է այդ մասին պատմում:
«Գաղտնիք չէ, որ շատ համայնքապետներ չարաշահում են իրենց պաշտոնը և այն օգտագործում են անհասկանալի և անընդունելի եկամուտներ ունենալու համար՝ սկսած նրանից, ո՛ր տարբեր խորամանկություններով, տարբեր ձևերով օտարում են համայնքներին պատկանող հողերը, ո՛ր անազնիվ վերաբերմունք են ցուցաբերում համայնքային բյուջեների նկատմամբ, և չմանրամասնեմ, որովհետև ինձ համար շատ տհաճ է այս խոսակցությունը: Մի բան եմ, ուղղակի, ուզում ասել. շատ ներողամիտ ենք եղել համայնքապետների նկատմամբ… Ուզում եմ բոլորիդ, ոչ մեկին չեմ վախեցնում, ուղղակի ուզում եմ բոլորիդ զգուշացնել` եթե որևէ մեկը պետք է այս գործերով զբաղվի, ավելի լավ է գնա ուրիշ տեղ աշխատի: Մենք պատրաստ ենք, անկեղծ եմ ասում, պատրաստ ենք մեր աչքի լույսի պես ձեզ վերաբերվել, պատրաստ ենք մեր հնարավորությունների սահմանում օգնելու՝ լինի դա անձնական, թե համայնքային հարց, բայց մենք պատրաստ չենք տեսնելու, թե ձեզնից ոմանք ինչպես են մեր բնակչության փողերը տանում իրենց տուն: Ամո՛թ է»:
Հասկացա՞ք: Ամոթ է: Երկրի առաջին դեմքը խոսում է պետությունը թալանելու մասին, մանրակրկիտ պատմում է մեխանիզմները, թե ինչպես են այն թալանել ու վերջ՝ ամոթ է: Սա մոտավորապես այն պատմությունն էր, երբ ասում էին, թե բանակից գողացողին աստված կպատժի: Անմեղսունակությունն այլ դրսևորումներ չի ունենում:
Մյուս մտքով, Սարգսյանը զգուշացնում է, որ էլ սրա-նրա համար, իրեն չմիջնորդեն: Որևէ մեկին չի ներելու: Հուսանք Սվիտալսկին կամ դատական համակարգին դրամաշնորհ տվող կազմակերպություններն այս խոսքերը չեն լսել: Միանգամից տպավորություն կստեղծվեր, որ Հայաստանում բոլորից վերև գործում է վերին ատյանի դատաստանը՝ Սերժ Սարգսյանի դատաստանը: Այդ մասին էլ գիտեինք, սակայն այսքան անկե՞ղծ:
Իսկ մտքերից մյուսը՝ ՀՀ մեկ բնակչի հաշվով ՀՆԱ-ն 10000 դոլլարի հասցնելը, վերագրենք որոշակի ծերունական խնդիրների, որոնք մարդիկ ունենում են իքս տարիքից սկսած:
Զաբել Ռուբինյան