«Ռեալ Սոլթ Լեյքը» Յուրա Մովսիսյանին հնարավորություն է տվել տեղափոխվել «Լոս Անջելես»
SportԱմերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքն» ընտրել է 11 խաղացողների, որոնք MLS-ի դրաֆտի ժամանակ չեն տեղափոխվի այլ ակումբ: Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը տեղ չի գտել ցուցակում, ինչը նշանակում է, որ նա մոտ է այլ ակումբ տեղափոխվելուն:
MLS-ի դրաֆտի ժամանակ լիգայի հետնապահներն ու նորեկ «Լոս Անջելեսը» հնարավորություն ունեն բոլոր թիմերից ընտրել մեկական խաղացող (բացառությամբ նշված 11 ֆուտբոլիստների): «Լոս Անջելեսը» հետաքրքրված է Յուրա Մովսիսյանով, փոխանցում է sltrib.com-ը:
«Չիկագո Ֆայրի» հարձակվող Դավիթ Արշակյանը եւս տեղ չի գտել իր թիմի 11 անձեռնմխելի խաղացողների ցուցակում եւ կարող է հեռանալ:
Հիշեցնենք, որ 30-ամյա Մովսիսյանը 2016-ին Մոսկվայի «Սպարտակից» է տեղափոխվել «Ռեալ Սոլթ Լեյք», որի կազմում MLS-ի այս մրցաշրջանում անցկացրել է 28 խաղ եւ խփել է 7 գոլ: Հուլիսից Մովսիսյանը միայն մեկ անգամ է հայտնվել մեկնարկային կազմում: Վերջերս հայ հարձակվողը հայտարարել էր, որ մտադիր չէ համակերպվել ամերիկյան թիմի պահեստային խաղացողի կարգավիճակի հետ եւ ունի առաջարկներ այլ ակումբներից: Նրա ծառայություններով հետաքրքրված են նաեւ Ղազախստանում:
2010-2015-ը Յուրա Մովսիսյանը Հայաստանի հավաքականի կազմում անցկացրել է 35 հանդիպում եւ դարձել 10 գոլի հեղինակ: Վերջին շրջանում նա հավաքական չի հրավիրվում ՀՖՖ նախագահի որոշմամբ: