Կայացավ առաջին կլոր սեղան-քննարկումը՝ նվիրված Bitcoin-ի շուկայի զարգացմանը
EconomicsԳ. Վ. Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղում դեկտեմբերի 7-ին կազմակերպվեց կլոր սեղան- քննարկում՝ նվիրված համաշխարհային տնտեսության զարգացման միտումներին, մասնավորապես՝ Bitcoin և Blockchain շուկաների զարգացմանը:
Քննարկման նպատակն էր բացահայտել հայաստանյան արտարժույթի շուկայում Bitcoin-ի կիրառումը, որը ներկայում աստիճանաբար վերածվում է միասնական էլեկտրոնային արժույթի:
Bitcoin թվային արժույթի, տնտեսության մեջ դրա կիրառելիության վերաբերյալ Երևանում կայացած առաջին կլոր սեղանի պատվավոր հյուրերն էին «1guard» ընկերության հիմնադիր-տնօրեն Սիփան Վարդանյանը և ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի գիտաշխատող, դոցենտ Սերգեյ Աբրահամյանը:
Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի տնօրեն Թամարա Վարդանյանը ողջունեց միջոցառման պատվավոր հյուրերին և մասնակիցներին, նաև կարևորեց նման արդիական թեմայով քննարկումներն ու դրանցում համալսարանի դասախոսական կազմի և ուսանողների ակտիվ մասնակցությունը:
Նշենք, որ զեկույցներով հանդես եկան համալսարանի ուսանողները՝ «Կուտակային արժույթների շուկան` տնտեսական ակնարկ», «Bitcoin տեխնոլոգիա. տնտեսական էությունը», «Կրիպտո-արտարժույթի դասընթացներ», «Կրիպտոտա-արտարժույթի շուկա. Bitcoin» թեմաներով:
Հանդիպման ավարտին ծավալվեց բուռն քննարկում։
Աղավնի Սուքիասյան