Շախմատի պատանեկան թիմը զիջել է Հնդկաստանի ընտրանուն
SportՀնդկաստանի Ահմեդաբադ քաղաքում ընթացող մինչև 16 տարեկանների շախմատի Օլիմպիադայում կայացան 2-րդ և 3-րդ տուրերը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Օլիմպիադայի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը 1:3 հաշվով գերազանցեց Իսրայելի ընտրանուն, իսկ ահա երրորդ տուրում 1,5-2,5 հաշվով զիջեց Հնդկաստանի թիմին:
Այս տուրից հետո Հայաստանի պատանեկան թիմը 4 միավորով 7-րդ հորիզոնականում է: Առաջատարները 6-ական միավորով Ռուսաստանի և Հնդկաստանի ընտրանիներն են:
Մրցաշարին մասնակցում է 30 հավաքական: Որպես կազմակերպիչ` Հնդկաստանը մասնակցում է 3 թիմով: Յուրաքանչյուր հավաքական բաղկացած է 4 հիմնական խաղացողից և մեկ պահեստային մասնակցից, ընդ որում, մասնակիցներից մեկը պետք է լինի աղջիկ և խաղա առնվազն երեք խաղափուլում: Հայաստանի հավաքականը Հնդկաստան է մեկնել հետևյալ կազմով. Արամ Հակոբյան, Շանթ Սարգսյան, Դավիթ Միրզոյան, Մամիկոն Ղարիբյան և Աննա Սարգսյան: Հավաքականի մարզիչն է կրկնակի Օլիմպիական չեմպիոն, գրոսմայստեր Արտաշես Մինասյանը: