Հրանուշ Հակոբյանը պարգեւատրեց «Ծաղկազարդ» համույթը
SocietyՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հիմնադրման 10-ամյակի առիթով «Ծաղկազարդ» համույթը պարգեւատրեց «Կոմիտաս» մեդալով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախարարը նշեց, որ երգչախումբը բազմաթիվ անգամ Սփյուռքի տարբեր բեմերում հնչեցրել է Կոմիտասի ստեղծագործությունները: «Սփյուռքի նախարարության կոչով եւ, թույլ տվեք ասել, հանձնարարությամբ դուք եղել եք ամենուր եւ ներկայացրել հայ երգը, հայ մշակույթը եւ դրանով նպաստել հայապահպանությանը: Շնորհակալ եմ ձեր խմբին եւ շնորհակալ եմ, որ դուք բարեգործական նպատակներով լինում եք ամենուր եւ դարձել եք մեր նախարարության լավագույն բարեկամն ու ընկերը: Մաղթում եմ ձեզ հաջողություններ եւ նոր բեմեր»,-ասաց Հրանուշ Հակոբյանը:
Արարատյան Հայրապետական թեմի «Ծաղկազարդ» խումբը (գեղարվեստական ղեկավար՝ Լիլիթ Գրիգորյան) համերգներով շրջագայել է Ռուսաստանում, Ֆրանսիայում, Իտալիայում, Ավստրալիայում, Գերմանիայում, Հորդանանում, Լեհաստանում և այլ երկրներում: