Հայաստանը թրաֆիքինգի դեմ պայքարում առաջընթաց է գրանցել
Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարը Հայաստանի համար շարունակում է մնալ առաջնահերթ խնդիրների շարքում: Այս մասին նոյեմբերի 6-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Տիգրան Պետրոսյանը: «Դա կապված է ոչ թե երևույթի տարածվածության, այլ հարցի խիստ կարևորության հետ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Պետրոսյանը:
Նա ընդգծեց, որ թրաֆիքինգն այն ոլորտն է, որի դեմ պայքարի շուրջ համախմբված են բոլոր պետությունները և միջազգային կառույցները, իսկ միակ նպատակը թրաֆիքինգի և մարդկանց շահագործման զոհ դարձած անձանց աջակցելն ու նման երևույթները կանխելն է:
Տիգրան Պետրոյսանը նկատեց, որ թրաֆիքինգի դեմ պայքարում Հայաստանը բավականին լուրջ առաջընթաց է գրանցել, ինչի մասին է խոսում այն հանգամանքը, որ ԱՄՆ պետդեպի տարեկան զեկույցներում վերջին տարիներին Հայաստանը առաջատար երկրների ցանկում է գտնվում թրաֆիքինգի դեմ պայքարում ունեցած հաջողություններով: «Եվ պետք է ընդգծեմ, որ Հայաստանը հետխորհրդային միակ երկիրն է, որը տեղ է գտնում այդ ցանկում»,- ասաց նա:
Պետրոսյանն ընդգծեց, որ Հայաստանում թրաֆիքինգի դեմ պայքարը չի սահմանափակվում միայն հանցագործությունների բացահայտմամբ. այն ավելի լայն բնույթ է կրում: Նրա խոսքով՝ իրականացվում են հանրության իրազեկման ակտիվ աշխատանքներ, ինչպես նաև քայլեր են ձեռնարկվում ոստիկանության աշխատակիցների պատրաստման առումով:
Նա նաև ընդգծեց, որ չնայած առաջընթացին, կան նաև որոշակի խնդիրներ, որոնք գտնվում են երկրի ղեկավարության ուշադրության կենտրոնում, և քայլեր են ձեռնարկվում դրանք լուծելու ուղղությամբ: