Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Թուրքիայի՝ ծայրահեղական շարժումների նոր հովանավոր դառնալու մասին Թրամփի խորհրդականի հայտարարությանը
International newsԹուրքիայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական, գեներալ-լեյտենանտ Հերբերտ Ռեյմոնդ ՄքՄասթերի այն հայտարարությանը, թե Թուրքիան ու Քաթարը ծայրահեղական գաղափարախոսության ու շարժումների նոր հովանավորն են դարձել:
Ինչպես փոխանցում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը, Թուրքիայի ԱԳՆ-ն ամերիկացի պաշտոնյայի հայտարարությունն անվանել է անհիմն, զարմանալի ու իրականության հետ կապ չունեցող:
Թուրքիայի ԱԳՆ-ն տարածած հայտարարության մեջ շեշտել է, որ նման անընդունելի հայտարարություն անող ՄքՄասթերը պետք է որ լավ իմանա ահաբեկչության դեմ պայքարում Թուրքիայի գործադրած ջանքերի մասին:
Հիշեցնենք, որ Հերբերտ Ռեյմոնդ ՄքՄասթերը հայտարարել էր, որ Թուրքիան ու Քաթարը դարձել են ծայրահեղական գաղափարախոսությունների ու շարժումների նոր հովանավորները Մերձավոր Արևելքում: Ըստ ՄքՄասթերի՝ նախկինում այդ դերը ստանձնել էր Սաուդյան Արաբիան, որն այժ կարծես դադար է առել այդ գործում: