Սարոյանի անկեղծությունը կամ Ցեղին սիրտը
AnalysisՄեկ անգամ չէ, որ գեներալ Սեյրան Սարոյանը, իր կամքով կամ իր կամքից անկախ տվել է անկեղծ պատասխաններ, որոնք վերաբերվում են հայաստանյան քաղաքական դաշտի տարբեր իրականություններին: Կարելի է ասել, որ լրագրողները սիրում են Սարոյանին, իսկ վերջինս էլ, բուռն ցանկություն ունի շփվելու նրանց հետ:
Սարոյանի վերջին հարցազրույցը կապված էր հատկապես Հայկազ Բաղմանյանի հեռացման հետ: Իհարկե եղավ անդրադարձ նաև Սերժ Սարգսյանի հաղորդմանը հանցագործության մասին, սակայն ինչպես բոլոր հանրապետականները, այնպես էլ Սարոյանը, պնդեցին, որ Սարգսյանն ինչ ասում է, ճիշտ է ասում: Չենք զարմանա, եթե մի օր, Սարգսյանին հռչակեն հայկական հեթանոսական դիցարանի նոր աստված:
Խոսելով Բաղմանյանի մասին, Սարոյանը պնդում է, որ նա վաղուց էր ուզում դուրս գալ, սակայն նաև ինքն է հորդորել, որպեսզի վերջինս մնա այդ պաշտոնում: Այնուհետև, իրեն բնորոշ անկեղծությամբ նա սկսում է. «Ախր նրա ձեռքը ինչ կար, որ մի հատ էլ չարաշահում աներ։ Դե, էդքան տարի ծառայել ա, հո երկաթից չի»: Սարոյանի այս մեկ մտքում կա երկու հակասություն: Նախ, բանակի ցանկացած գեներալի ձեռքում շատ բան և երկրորդ, Սարոյանն ինքն է հաստատում դա, անելով հարցադրոյմ՝ հո երկաթից չի: Այսինքն, ցանկացած մեկն էլ կարող է չդիմանալ գայթակղությանը և այս առումով, Բաղմանյանը բացառություն չէ, իսկ թե ինչպիսի բացառություն չէ, գիտենք թերևս բոլորս:
Հաջորդ մտքում, Սարոյանն էլ ավելի է հաստատում Բաղմանյանի երկաթից չլինելու հանգամանքը: Հարցին, թե եթե պաշտոն չունենար, նման նվերներ կստանա՞ր, Սարոյանը պատասխանեց. «Կարող ա գրող էլ չտային: Մարդիկ տեսան, որ ծառայում ենք, գողություն չենք անում, ավազակ չենք, մեր ընկերներն էլ եկել մեզ պաձերժկա են արել»:
Դե իհարկե, եթե մարդիկ պաշտոն չունենային, բնական է, որ գրող էլ չէին տալու: Պատկերացրեք, Հայաստանի միջին վիճակագրական տաս քաղաքացի, իր սիրուն աչքերի համար նվեր է ստանում 100.000 դոլլար և ավել արժողությամբ մեքենա: Պատկերացրեցի՞ք, բնական է, որ չեք կարող: Իսկ Բաղմանյանն հաստատ գեղեցիկ աչքեր չունի:
Զաբել Ռուբինյան