Գրեթե 70 մլն երեխա ապրում է հումանիտար ճգնաժամերի գոտիներում. ՄԱԿ
International newsԳրեթե 70 մլն երեխա ապրում է հումանիտար ճգնաժամերի գոտիներում՝ զրկված նորմալ կրթություն ստանալու հնարավորությունից, եւ առաջիկայում նրանց թիվը կարող է աճել: Այս մասին լրագրողներին հայտնել է համաշխարհային կազմակերպության կրթության հարցերով հատուկ բանագնաց Գորդոն Բրաունը: Նա կոչ է արել կրկնապատկել 2 առանցքային ծրագրերի՝ Կրթության ոլորտում գլոբալ գործընկերության եւ «Կրթությունը չի կարող սպասել» հիմնադրամի ֆինանսավորումը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Նոր տվյալները մատնանշում են, որ հումանիտար ճգնաժամերի ծուղակում հայտնված երեխաների թիվը հասել է գրեթե 70 մլն-ի: Ակնկալվում է, որ այս թիվը 2018-ին կշարունակի աճել, ինչը կհանգեցնի միջոցների ավելի մեծ պակասի, որի հետեւանքով ավելի մեծ թվով երեխաներ կենթարկվեն ճնշման եւ շահագործման. կամքին հակառակ կամուսնանան, ստիպված կլինեն աշխատել եւ կհայտնվեն սեքսուալ ստրկության մեջ»,- ասել է Բրաունը ՄԱԿ կենտրոնակայանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:
Նրա խոսքով՝ 70 մլն երեխաներից 32 մլն-ը ստիպված է եղել իր տունը լքել, այդ թվում՝ 11 մլն երեխա փախել է հարեւան երկրներ: Նա ուշադրություն է դարձրել, որ աշխարհում փախստականների մեծ մասը ծագումով Սիրիայից են (ավելի քան 2,6 մլն), Աֆղանստանից (ավելի քան 1,2 մլն) եւ Հարավային Սուդանից (900 հազար): Երեք երկրներում երկարատեւ հակամարտություններ են ընթանում:
Գորդոն Բրաունը հայտնել է, որ 2017 թվականին կրթական ծրագրերի համար ծախսվել է 700 մլրդ դոլարից ավելի, սակայն սա կազմում է հումանիտար գործողությունների համար հատկացված ընդհանուր գումարի միայն 3 տոկոսը: