ՌԴ-ն շարունակելու է քայլեր ձեռնարկել իր անվտանգության ապահովման ուղղությամբ՝ չներքաշվելով սպառազինության մրցավազքի մեջ. Պուտին
International newsՄոսկվայի միջազգային առևտրի կենտրոնում շարունակվում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ավանդական տարեվերջյան մեծ մամուլի ասուլիսը:
ՌԴ ղեկավարը, պատասխանելով երկրի ռազմական ծախսերի մասին հարցին, նշել է, որ Ռուսաստանը շարունակելու է քայլեր ձեռնարկել իր անվտանգության ապահովման ուղղությամբ՝ չներքաշվելով սպառազինության համաշխարհային մրցավազքի մեջ:
Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի ռազմական ծախսերը ներկայում կազմում են ավելի քան 46 մլրդ դոլար՝ շեշտելով նաև ԱՄՆ-ի օրինակը, որի ծախսերը կազմում են ավելի քան 700 մլրդ դոլար:
Պատասխանելով հարցին, թե արդյոք ռազմական ծախսերի ավելացումը չի վնասի երկրի սոցիալական ոլորտը, Պուտինը նշել է, որ իրենք աշխատում են պահել հավասարակշռությունն այնպես, որ ռազմական ոլորտի ծախսերը չվնասեն երկրի տնտեսությանը:
Այդ առիթով ՌԴ նախագահն ասուլիսի ժամանակ անեկդոտ է պատմել.
«Նախկին սպայի մոտ գալիս է նրա որդին, հայրը հարցնում է որդուն.
-Այստեղ սառը զենք կար, ո՞ւր է այն:
- Մի՛ բարկացիր, բայց ես այն ժամացույցի հետ եմ փոխանակել հարևան բակի տղաներից մեկի հետ:
- Ցույց տուր ժամացույցը, այո, լավն է: Իսկ եթե վաղն ավազակները գան, սպանեն ինձ, եղբայրներիդ, մորդ, բռնաբարեն քրոջդ, դու ի՞նչ պետք է ասես…«Բարի երեկո, Մոսկվայի ժամանակով ժամը 12-ն անց երեսո՞ւն է»:
Հայտնի է, որ այսօրվա ասուլիսի ընթացքում ՌԴ նախագահը մի քանի ժամվա ընթացքում պատասխանելու է լրատվամիջոցների ներկայացուցիչների՝ Ռուսաստանի ներքին գործերին, արտաքին քաղաքականությանն ու միջազգային թեմաներին առնչվող հարցերին: