Բելգիայի դատարանը փակեց Պուչդեմոնի՝ Իսպանիային արտահանձման գործը
International newsԲելգիայի դատարանը հինգշաբթի օրը պաշտոնապես փակել է Կատալոնիայի նախկին նախագահ Կառլես Պուչդեմոնի՝ Իսպանիային արտահանձնման դատական գործը, ինչը կապված է Բելգիայի կողմից քաղաքական գործչի ձերբակալման եվրոպական հրամանի չեղյալ հայտարարման հետ: Այս մասին հայտարարել է Պուչդեմոնի փաստաբան Փոլ Բեքարը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը: «Դատավարությունը ավարտվել է», - ասել է նա:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին Իսպանիայի գերագույն դատարանը որոշում էր կայացրել չեղարկել Պուչդեմոնի եւ ինքնավարության կառավարության չորս նախկին անդամների ձերբակալման հրամանները:
Ինչպես նշվում է հրապարակման մեջ, Գերագույն դատարանի դատավոր Պաբլո Լյարենան համաձայնել էր չեղարկել Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնի եւ տարածքային կառավարության նախկին անդամներ Անտոնի Կոմինի, Լյուիս Պուչի, Մերիչել Սերրետի եւ Կլարա Պոնսատիի ձերբակալության եվրոպական հրամանները:
Այս կապակցությամբ Պուչդեմոնի հետապնդումը Բելգիայում դադարեցվել է, սակայն, ըստ գործող օրենքի, այս քայլը չի կարող իրականացվել ավտոմատ ռեժիմով. անհրաժեշտ է անցկացնել վերջնական դատական նիստ:
Միեւնույն ժամանակ քաղաքական գործչի ձերբակալման ազգային հրամանը շարունակում է մնալ ուժի մեջ. այլ կերպ ասած՝ եթե նա հատի Իսպանիայի սահմանը, ապա պետք է անհապաղ ձերբակալվի: