Սարգսյանն հույսը դրել է Աստծո վրա
AnalysisՍերժ Սարգսյանի վերջին, այսպես ասած՝ բացառիկ հարցազրույցին ուշ ենք անդրադառնում, որպեսզի հնարավոր կրքերը հանդարված լինեն։ Հիշեցնենք, որ խոսքը գնում է Արտակ Ալեքսանյանի «Բանաձև» հաղորդաշարի մասին։ Սկսենք նրանից, որ այս հարցազրույցը դժվար է անվանել բացառիկ։ Ավելին, այն նույնիսկ դժվար է անվանել հարցազրույց։ Մենք շատ լավ գիտենք, թե ում կողմից է վերահսկվում եթերը, ինչպե՞ս են կազմվում հարցերը ու դրանց հետ կաված բոլոր տեխնիկական մասերը։ Ընդամենը պետք է նշել, որ Սարգսյանն ինչ-որ բաներ ուներ ասելու և դրանք ասելու համար, որպես հարթակ օգտագործեց Արմենիա հեռուստաընկերությունը։
Չխորանալով հարցազրույցի մանրամասների մեջ, միայն պնդենք, որ նա ասաց այն, ինչ բոլորս գիտեինք։ Իհարկե, ընթերցողը կարող է զարմանալ, քանի որ Սերժ Սարգսյանը բոլոր հարցերին պատասխանեց հանգստացնող և դրական երանգներով։ Իրականում սակայն, հարցազրույցը պետք է այլ կերպ նայել։ Անհրաժեշտ է լսել Սարգսյանի պատասխանները և հասկանալ հակառակը։ Այդ պատասխաններն իրականության հետ կապ չունեցող պատասխաններ են կամ ընդհանրապես իրականությունը խեղող պատասխաններ։
Բերենք ընդամենը մեկ օրինակ։ Սարգսյանն ասում էր, որ կրթությանը հատկացվող գումարները չեն նվազել։ Հակառակը, այդ ոլորտում աճ կա։ Քանի որ կան կրթաթոշակներ։ Սկսենք նրանից, որ սա ինքնին աբսուրդ է։ Այսինքն, դու քո երկրի բյուջեն կառուցում ես, հուսալով, որ երրորդ երկրի ինչ-որ ֆոնդեր, քեզ փող են տալու։ Իսկ եթե մի գեղեցիկ օր որոշում են չտա՞լ, կամ նվազեցնել այդ գումարները, ինչպես եղել է բազմիցս։ Աբսուրդ է նաև այն պատճառով, որ հստակ ամրագրված է թվերի տեսքով։ Այս տարվա բյուջեում, կրթությանը հատկացվող ֆինանսավորումը կրճատվել է։
Սարգսյանի խոսքի ամենաուշագրավ հատվածը թերևս Աստծո անունը երեք անգամ հիշատակելն էր։ Եթե անգամ լինենք բարեպաշտ հավատացյակներ ու այդ դիտանկյունից նայենք, ապա հարկ ենք համարում պնդել, որ մեր վիճակը ծայրահեղ վատ է։ Այնքան վատ, որ նույնիսկ Սարգսյանն է իր հույսը դրել Աստծո վրա։ Եկեք ընդունենք, որ դա չի պատշաճում որևէ լուրջ քաղաքական գործչի։
Ատոմ Ոսկանյան