Այս ամենն ավելի քան անլուրջ է
AnalysisԸնդհանրապես ես դադարել եմ կոմեդիաներ կամ հեռուստատեսային շոուներ նայել։ Մի փուլում նույնիսկ դիտում էի «Կիսաբաց լուսամուտները», սակայն հիմա, ԱԺ նիստերը լիովին լրացնում են ծիծաղախիտ բացը։ Շատ հանգիստ, օրվա հումորի չափաբաժինը կարելի է ստանալ այդ նիստերից։
Հերթական թամաշան տեղի ունեցավ երեկ, երբ քվեարկության էին դրել Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու հարցը։ Այս օրենքն ընդունելու համար, անհրաժեշտ էր 63 ձայն։ Ընդդիմադիրները պնդում էին, որ այն Սահմանադրական օրենք է։ ընդհանրապես, այս բառակապակցության մեջ, ինչպես ընդդիմությունը, այնպես էլ իշխանությունը համաձայնության չեկան։ Ընդդիմությունից, այդ օրենքի Սահմանադրական լինելու մասին, հատկապես պնդում էր Նիկոլ Փաշինյանը։ Իսկ ահա իշխանությունից Դավիթ Հարությունյանն ասում էր հակառակը։ Մեկ այլ ընդդիմադիր, իրավաբան Էդմոն Մարուքյանը, այդպես էլ չկողմնորոշվեց, թե սա ի՞նչ որակի օրենք է, իսկ ահա իշխանական Հրայր Թովմասյանն ասում էր, որ այս օրենքը Սահմանադրական է։
Ինչևէ, թողնենք այս պարոններին միմյանց մեջ քննարկելու տեսական հարցեր ու գանք բուն խնդրին՝ քվեարկությանը և «Ելքի» բոյկոտին։ Լուսատախտակին երևաց 61 թիվը, սակայն Արա Բաբլոյանը պնդեց, որ օրենքն ընդունվել է։ Այնինչ անհրաժեշտ էր 63 ձայն։ «Ելքին» բորբոքեց հատկապես այս հանգամանքը և նրանք սկսեցին խփել սեղաններին ու ոգևորիչ ելույթներ ունենալ։
Իշխանական որոշ պատգամավորներ, թամաշայի հարցում ինձ հետ համաձայն էին։ Նրանք լիաթոք ծիծաղեցին այս ամենի վրա։ Իսկ ավելի ուշ, Էդմոն Մարուքյանը, բորբոքված տոնով ու կարմրառուշտ թուշիկներով, փորձում էր հասարակությանը բացատրել, որ այս օրենքը... թե ինչ էր ուզում բացատրել, ես այդպես էլ չհասկացա, բայց խորհրդի կարգով ասեմ, որ ոչ միայն այս օրենքը, այլ նաև շատ օրենքներ, հասարակության ընդհանրապես ոտքերին չեն ու բացատրելու կարիք չկա։
Հիմա գանք շոուի հիմնական մասին ու մաթեմատիկային։ Նիկոլը, Արարատը և այլոք, պնդում էին, որ օրենքը չի անցել։ Նրանք դա անում էին բարձր գոռալով և սրտացավ դեմքով։ Մեր դարի փանջունիները, բնական է, որ դրանով ցույց էին տալիս, թե տեսեք, ով հայ ժողովուրդ, մենք ինչպես ենք մտածում Ձեր մասին։ Իրականում ի՞նչ է տեղի ունեցել։ Բացատրեմ։ Ցանկացած նման օրենք ընդունելու համար, անհրաժեշտ է ձայների երկու երրորդ՝ 63 ձայն, իսկ ՀՀԿ-ն և Դաշնակցությունը միասին, ունեն 65 ձայն։ Սա նշանակում է, որ նրանք կարող են ընդունել ցանկացած օրենք, եթե ոչ այս նիստին, ապա գոնե հաջորդին։ Այնպես որ, հերթական էժանագին շոուն սարքելու կարիք չկա։
Զուբեյդա Հարությունյան