Հետտոնական դեպրեսիա
AnalysisՄենք՝ հայերս, ժամանակին Ամանորը չենք նշել այս ճոխություններով, ինչպես անում ենք հիմա: Ամանորը եղել է օգոստոս ամսին, որը և մեզանում համարվում էր տարվա փոփոխություն: Այն կապված էր երկրագործական ցիկլերի հետ և մենք, որպես երկրագործ ժողովուրդ, չէինք կարող հետ մնալ այդ շրջափուլերից:
Սիմեոն Երևանցի կաթողիկոսը, առանց այն էլ տառապյալ ազգիս, գցեց դեկտեմբերյան տոկոսի գիրկը: Խորհրդային կարգերը եկան ամրապնդելու այդ ամենը և տվեցին մեզ այս ձևական մշակույթը, որն ունենք այսօր:
Մարդիկ իրենց խփում են պատերին, չեղած տեղից տոկոսով գումար են ճարում ու սեղան դնում: Պատճառաբանությունը մեկն է՝ նոր տարի է, ամոթ է: Նրանք չեն գիտակցում, որ այն մարդկանց համար, ում համար որ ունենում են այդ ամոթի զգացողությունը, շարժիչ ուժը նույնպես այդ ամոթն է: Ու այսպես, ամաչում ենք բոլորս իրարից, բայց քաջություն չունենք այդ ամոթից հրաժարվելու:
Իսկ հետո՞, ինչ ենք անում հետո: Ամանորին հաջորդում է քրիստոնյա ազգիս սուրբ ծնունդը: Եվս մեկ ծախսատար երևույթ: Դա էլ մի կերպ հաղթահարած, հունվարի յոթին, բացում ենք դատարկ դրամապանակները և բռնում գլուխներս: Սկսվում է կիսասոված մաքառումի մեկ ամիսը, և տոկոսները վերադարձնելու 11 հաջորդ ամիսները, մինչև՝ շրջափուլը նորից կկրկնվի:
Իսկ իշխանությունն այս արանքում չի հապաղում: Մինչ ազգս խրախճանում է յուր բարքերով, նրանք թանկացնում են ապրանքները: Թանկացնում են, ու կարծես առանց հասկանալ, փորձում են խելքի բերել ազգիս: Սակայն ողջախոհությունը մեր գրավականը չէ:
Ե՞րբ ենք սովորելու ապրել մեզ համար: Ինքներս մեզ համար, այլ ոչ թե ամոթի:
Մարիա Պախուցկայա