«Բարսելոնա»-ն Կոուտինյոյի համար ծախսել է տրանսֆերային բյուջեի բոլոր միջոցները
Sport«Լիվերպուլ»-ի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի ձեռք բերումը «Բարսելոնա»-ի համար արժեցել է տրանսֆերային բյուջեի բոլոր միջոցները: Այդ մասին վստահեցնում է Marca-ն:
Թերթի տեղեկություններով, կատալոնյան ակումբը բրազիլացի կիսապաշտպանի համար վճարել է 120 մլն եվրո: Ընթացիկ մրցաշրջանում կազմի ամրապնդման համար «Բարսելոնա»-ն ծախսել է 312 մլն եվրո՝ ձեռք բերելով Կոուտինյոյին, Ուսման Դեմբելեին, Պաուլինյոյին, Նելսոն Սեմեդուին, Խերարդ Դեուլոֆեուին և Մարլոնին, ով վարձավճարով տեղափոխվել է «Նիս»:
Ակումբը Նեյմարին վաճառել է 222 մլն եվրոյով, Քրիստիան Տելյոյին՝ 4 մլն-ով և տրանսֆերային բյուջեում այս մրցաշրջանում ուներ 60 մլն եվրո: Այսպիսով, այժմ «Բարսելոնա»-ն տրանսֆերային բյուջեում ունի մինուս 26 մլն եվրո, իսկ մոտ օրերս այդ թիվը կարող է ավելանալ ևս 12 մլն եվրոյով, եթե թիմը ձեռք բերի «Պալմեյրաս»-ի պաշտպան Երի Մինին:
Միաժամանակ, ընդգծվում է, որ «Նարսելոնա»-ի եկամուտները խաղերից և ակումբային թանգարանից վերջին ամիսներին կրճատվել են՝ կապված քաղաքական իրավիճակի հետ, ինչի պատճառով կատալոնացիները դժվարանում են ներգրավել նոր հովանավորներ: Այսպիսով, ակումբի ղեկավարությունը կարող է սկսել միջոցներ օգտագործել հաջորդ մրցաշրջանի համար նախատեսվածից: Այդ պարագայում, «Նոու Կամպ» մարզադաշտի վերակառուցման աշխատանքները չեն կարողանա սկսվել 2018 թվականից, ինչպես նախատեսված էր: