ԲՀԿ-ն իրենով արեց Եռյակը
BlogԵռյակի՝ հոկտեմբերի 24-ի հանրահավաքին հաջորդող շրջանում երեկ ամենանշանակալի իրադարձությունը տեղի ունեցավ քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածում:
Բոլորը սպասում էին երեք կուսակցությունների առաջնորդների հանդիպմանը կամ գոնե Եռյակի խորհրդակցությանը՝ խորհրդարանական ձևաչափով: Սակայն դրանց փոխարեն տեղի ունեցավ ԲՀԿ Քաղխորհրդի նիստը:
Այս նիստն ուներ քաղաքական, գործնական նաև տեղեկատվական նշանակություն:
Գանք էականից՝ քաղաքականից:
Հոկտեմբերի 24-ի հանրահավաքից հետո, Եռյակն, ըստ էության, անգործության էր մատնված, եթե մի կողմ դնենք ԲՀԿ առաջնորդի հարցազրույցը, մեկ էլ՝ սոցցաներում նկատվող «հեղափոխական» ակտիվությունը: Տեսադաշտից դուրս էին ընդդիմության նույնիսկ խորհրդարանական դեմքերը, ովքեր օր ու մեջ հարցազրույցներ էին տալիս «հանցավոր ռեժիմի» ու իրենց խոստացած «լուսավոր Հայաստանի» թեմաներով:
Այս համատեքստում՝ ԲՀԿ քաղխորհրդի երեկվա նիստը կոչված է, գործնական հարթության մեջ, ցրել տեղեկատվական «պարապությունը», որի խորքում հաստատուն էր դառնում Եռյակի չգոյության մասին թեզը:
Բովանդակային առումով, իհարկե, Եռյակ գոյություն չունի էլ ու դրա լավագույն, պերճախոս դրսևորումը դարձավ ոչ թե չուզողների կարծիքը, այլ՝ հենց ԲՀԿ խորհրդի նիստը:
ԲՀԿ-ն իր ողջ քաղաքական, ֆինանսական, կազմակերպչական ռեսուրսը ներդնում է շարժման մեջ՝դրա դիմաց ստանալով ընդդիմադիր շարժումների համար աննախադեպ լիդերություն, Եռյակն իրենով անելու, դրան մաս կազմող կուսակցություններին «կլանելու» լեգիտիմ իրավունք:
Նույն բանը տեղի է ունենում իշխանության դաշտում: ՀՀԿ-ն ձերբազատվեց կոալիցիոն պարտավորություններից, նրա համամասնական ցուցակում ներկայացված կառլիկային կուսակցությունների առաջնորդներն՝ իրենց փոքր թիմերով, լրիվ նույնացել են Հանրապետականի հետ:
Հիմա, երբ ԲՀԿ-ն առաջարկում է ձևավորել Եռյակի քաղխորհուրդ, միասնական այլ հարթակներ, տարածքային կազմակերպություններ, սա ոչ թե դասական դաշինքային ստրուկտուրաներ են, այլ, ըստ էության, ԲՀԿ քաղխորհրդի ընդլայված կազմ, ԲՀԿ տարածքային կառույցների համալրում, ընդլայնում և այսպես շարունակ: ՀԱԿ-ը, «Ժառագությունը» այս միտմանը դիմադրելու ռեսուրս չունեն. նրանք կամ պետք է հեռանան Եռյակի հարթակից, կամ պետք է «կլանվեն» ԲՀԿ-ի կողմից, երրորդ ճանապարհ գոյություն չունի:
Քաղաքականությունը բարեգործություն չէ, ու ոչ մեկ չի պատրաստվում ֆինանսավորել, ասենք, Լևոն Զուրաբյանի «հեղափոխականությունը», եթե դա չունի ԲՀԿ-ական հանդերձավորում:
ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» հայտնվելու են ԲՀԿ ցուցանակի տակ, ինչպես ժամանակին ՀՀԿ ցուցանակի տակ հայտնվեցին Արտաշես Գեղամյանի, Խոսրով Հարությունյանի կուսակցությունները, ՍԻՄ-ը:
Հայաստանում ձևավորվում է երկկուսակցական համակարգ, ու ամեն բան տեղավորվում է այդ տրամաբանության մեջ:
Հիմա տեղի է ունենում այդ համակարգի ձևավորումը, որն արմատապես տարբեր է լինելու իշխանություն-ընդդիմություն հարաբերությունների այն ավանդական կաղապարներից, որոնց ծանոթ ենք 20-25 տարի:
Ոչ մի հեղափոխականության, ցնցումների, ֆորսմաժորային տեսարանների մի սպասեք:
Իշխանության քայլերը, ԲՀԿ-ի «Ճանապարհային քարտեզը» մեզ տանում են դեպի 2017-2018թթ., դեպի հերթական ընտրական ցիկլ, որտեղ էլ կամբողջանա երկկուսակցական համակարգը՝ իր տրամաբանությամբ, գրված ու չգրված կանոններով…
Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը