Սարգսյանը լուծում է ապրիլյան թնջուկը
AnalysisԱԺ ղեկավար կազմի և նախագահության հետ ունեցած հանդիպման ընթացքում, Սերժ Սարգսյանը կարծես թե փակեց ապրիլյան թնջուկի հարցը: Ճիշտ է, նա վարչապետի թեման ինչպես միշտ շրջանցեց, սակայն այդ շրջանցելով հանդերձ, դարձավ ակնհայտ, որ որևէ դավադրության տեսություն չի աշխատելու և Սարգսյանն ապրիլից հետո կմնա Հայաստանի առաջին դեմքը: Հիշեցնենք, նոր Սահմանադրությամբ, առաջին դեմքը համարվում է վարչապետը:
«Մինչև այս տարվա մարտի 9-ը Ազգային ժողովը պետք է ընտրի Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահին: Հուսով եմ, որ նոր սահմանադրական ընթացակարգով նախատեսված այս ընտրություններին Ազգային ժողովի բոլոր պատգամավորները կմոտենան ամենայն պատասխանատվությամբ: Եվ իհարկե, ցանկալի է, որ Հանրապետության նախագահը ընտրվի խորհրդարանական ընդարձակ համաձայնության պայմաններում», - ասել է Սերժ Սարգսյանը։
Սարգսյանի այս միտքը, թափանցիկ ակնարկ էր քաղաքական ուժերին առ այն, որ նա ունի իր թեկնածուն: Բնական է, որ ՀՀԿ-ՀՅԴ մեծամասնության պարագայում, եթե անգամ չապահովեն ձայների 3/4-րդը, գլուխկոտրուկների խնդիր չի առաջանա: Կընթանան համապատասխան ընթացակարգերը և նորից կլինի այն թեկնածուն, որին կուզի Սերժ Սարգսյանը:
ԵԼՔ-ի կողմից այս հանդիպման բոյկոտումն օրինաչափ էր վերջին շրջանի քաղաքական գործընթացներում: Նրանք արդեն հայտարարել են, որ հանդես կգան իրենց թեկնածուով: Սակայն չենք կարծում, թե այդ թեկնածուն շատ ավելի հաջողակ կգտնվի, քան Էդմոն Մարուքյանն էր ԱԺ նախագահի մրցապայքարում:
Իրադարձություններն այս մասով կարելի է հանգիստ թողնել և սպասել, թե ու՞մ կառաջադրի Սարգսյանը նախագահի պաշտոնում: Մնացած հիմնական դեպքերը զարգանալու են ապրիլ ամսից հետո:
Մարիա Պախուցկայա