Սվիտալսկին զգուշացնում է
AnalysisԵրկար ժամանակ չի անցել Եվրոմիության հետ համապատասխան փաստաթղթի ստորագրումից հետո։ Իհարկե, այն դեռ չեն վավերացրել Եվրոմիության անդամ շատ երկրներ, սակայն կոնկրետ այդ կառույցը ներկայացնող պաշտոնյաները Հայաստանի մասով մտահոգված են։ Ինչպես գիտենք, այդ փաստաթուղթը հիմնականում վերաբերվում է դատական համակարգին և մարդու իրավունքների բնագավառին։
Եթե մարդու իրավունքների այսպես ասած հիմնարար ազատությունների մասով որոշակի իմիտացիա կա, թե Հայաստանում դրանք արտահայտվում են, ապա շատ վատ է դատական համակարգի վիճակը։ Այստեղ որևէ դրական միտում չի նկատվում, չնայած այն հանգամանքին, որ Եվրոմիությունն ամենաշատ գումարները ծախսել է հատկապես այս հատվածում։
Սվտալսկին նշել է, որ. «Եվրամիության տեսանկյունից ամենակարևորը այն է, որ համաձայնագիրը կարող է նախապես կիրարկվել այս տարի, հուսամ՝ այս տարվա գարնանը: Սա պահանջում է, որ համաձայնագիրը վավերացնի Հայաստանը: Եթե դուք հայացք նետեք համաձայնագրին, կտեսնեք՝ առկա է ընթացակարգ, որը մեխանիկորեն սկսում է նախապես կիրարկումը: Համաձայնագրի շատ հատվածներ կարող են կյանքի կոչվել առանց փաստաթղթի ամբողջական վավերացման: Մենք ակնկալում ենք, որ համաձայնագրի նախնական կիրարկումը կսկսվի շուտով: Չենք կարող ենթադրել, թե համաձայնագրի նախնական կիրարկումը կոնկրետ ո՞ր օրը կսկսվի, սակայն հիմք ընդունելով հանրությանը հայտնի ազդանշանները՝ կարծում եմ, որ պետք է լավատես լինենք՝ համաձայնագրի նախնական կիրարկման մասով»։
Նա ի՞նչ է հասկացնում մեր իշխանություններին։ Շատ պարզ ասում է, որ մի սպասեք փաստաթղթային մասի ավարտին, այլ սկսեք աշխատել հենց հիմա, և կատարեք ձեր ստանձնած պարտավորությունները։ Իհարկե, նա այդ ամենն ասելու հիմք ունի։ Մեկ անգամ չէ, որ Հայաստանի իշխանությունները խուսափել են միջազգային պարտավորությունները կատարելուց կամ վերջին պահին հրաժարվել են դրանցից։
Ատոմ Ոսկանյան