Վրացիները Փոստանջյանի ձայնի տրամադրությունը չունեն
AnalysisԻնքն իրեն համազգային հեղափոխության առաջնորդ հռչակած Զարուհի Փոստանջյանը, փորձել է հանդիպումներ ունենալ Ջավախքի մեր հայրենակիցների հետ: Ընդդիմադիր գործիչը հատել է Հայաստանի «Բավրա» անցակետը, սակայն վրացական «Նինոծմինդա» անցակետում տեղի աշխատակիցներն ասել են, որ Փոստանջյանի մուտքն արգելված է այդ երկիր:
Նա բնականաբար փորձել է պարզել հանգամանքները, սակայն վրացական կողմը, իրեն բնորոշ՝ ոչինչ չասող պատասխան է տվել: Ըստ Փոստանջյանի. «Մեզ սպասում էին մեր հայրենակիցները: Որպեսզի լինի իրականում համազգային ընդվզում, մենք դիտարկում ենք ողջ հայությանը, և իհարկե Ջավախքը միանշանակ պետք է ընդգրկված լինի այս ամենի մեջ»:
Փոստանջյանը բնական է, որ այս ամենի մեջ մեղադրեց Հայաստանի իշխանություններին, պնդելով, որ նրանք են խնդրել վրացական կողմին, իր մուտքն արգելելու այդ երկիր: Այս հայտարարությամբ, նա լրջացնում է իր անձը, անլրջացնում է վրացական իշխանություններին ու հերթական մեղքն է բարդում Հայաստանի իշխանությունների գլխին:
Իհարկե, Հայաստանի իշխանություններից ամեն ինչ սպասելի է, սակայն սա այդ դեպքը չէ: Այստեղ կա հստակ, վրացական իշխանության ձեռագիր, որը նրանց բնորոշում է 2004 թվականից սկսած: Ցանկացած հայտնի ֆիգուր Հայաստանում, ով կարող է հանդիպել Վրաստանում ապրող մեր հայրենակիցների հետ, վտանգ է ներկայացնում վրացական իշխանությունների համար:
Այս առումով, ավելի վտանգավոր է ռադիկալ Զարուհի Փոստանջյանը: Այս տիկնոջից սպասելի է, որ հակաիշխանական նրա ելույթը, կարող է վերածվել Ջավախքը Հայաստանին միացնելու կոչին: Բոլորիս են հայտնի նրա ծայրահեղական հայացքները: Հայտնի են նաև, որ նա, Երևանի ավագանու ընտրություններից առաջ, Անին ու Կարսն էր ազատագրում: Իսկ եթե հայտնի են բոլորին, հայտնի է նաև վրացական իշխանություններին:
Զաբել Ռուբինյան