Սարգսյանին Փարիզում սպասու՞մ են
AnalysisԴժվար է թերագնահատել Ֆրանսիայի ունեցած դերը հայերի և Հայաստանի կյանքում ընդհանրապես։ Ստացվել է այնպես, որ անկախացումից դեռ տարիներ առաջ, երբ տեղի ունեցավ Սպիտակի ավերիչ երկրաշարժը Ֆրանսիան և ֆրանսիացիները կանգնեցին մեր կողքին։ Անկախացումից հետո ևս, այդ երկիրը, սկսեց անշահախնդրորեն օգնել Հայաստանին։ Ոչ միայն օգնում էին, այլ նաև չէին խանգարում ֆրանսահայերին, իրենց ուզեցած ծավալի չափ օգնություն ցույց տալ Հայաստանին։ Հատկապես այս վերջինն ինչու ենք շեշտում։ Մեր գլխավոր դաշնակից ու բարեկամ համարվող Ռուսաստանում օրինակ, ներքին հրահանգով, արգելքներ կան դրված հայազգի գործարարների վրա։ Եթե նրանք անգամ շատ ցանկանան, չեն կարող իրենց ուզած ծավալի ներդրումներ անել Հայաստանում։
Ֆրանսիայի գործոնը կարևորվում է նաև նրանով, որ այդ երկիրը համարվում է Մինսկի խմբի համանախագահ երկիր։ Մինսկի խումբն ինչպես գիտենք, զբաղված է արցախյան խնդրի կարգավորմամբ։
Իհարկե, ընդդիմախոսները կարող են պնդել, որ Ֆրանսիան մեծ հաշվով, Հայաստանում և տարածաշրջանում ներկայացնում է ԵՄ շահերը։ Միգուցե դա այդպես է, սակայն այն մեզ չի վնասում, ինչպես վնասում է ԱՄՆ և Ռուսաստանի շահերի բախումը։
Այս առումով, Սերժ Սարգսյանի այցը Ֆրանսիա չափազանց կարևոր է։ Այսօր արդեն նախատեսված է նրա հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ։ Սակայն ընդունելությունները և առաջին օրվա օրակարգը ցույց տվեցին, որ Սարգսյանին Փարիզում այդքան էլ չէին սպասում։
Խնդիրը չի կայանում ոչ ֆրանսիացիների մեջ, ոչ էլ՝ եվրոպացիներին վերագրվող մեծամտության մեջ։ Խնդիրը կայանում է միայն ու միայն Սերժ Սարգսյանի և նրա վարած արտաքին քաղաքականության մեջ։ Նրա հետևողականորեն ձախողված քաղաքականության արդյունքում, Հայաստաննն ընդհանրապես դիտարկվում է որպես ոչ վստահելի գործընկեր։ Կարծում ենք, նաև այս ասպեկտից ելնելով, Սարգսյանին սպասվում է ծանր խոսակցություն Մակրոնի հետ։
Ատոմ Ոսկանյան