Boeing-777-ի կործանման վայրում մարդկանց նոր մարմնամասեր են գտնվել
International newsՄարդկանց նոր մարմնամասեր են հայտնաբերվել Ուկրաինայի արևելքում մալայզիական Boeing-777-ի կործանման վայրում. ինքնաթիռի բեկորդների հավաքման աշխատանքները դադարեցված են: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 7-ին ՌԻԱ «Նովոստի» գործակալությանը հայտնել է ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) տրանսպորտի նախարարության մամուլի քարտուղար Էլլա Ժուրանսկայան:
«Հոլանդացի փորձագետները, հավաքելով ինքնաթիռի բեկորները, հայտնաբերել են մարդկանց նոր մարմնամասեր: Մենք օժանդակել ենք դրանց՝ Խարկով տեղափոխելուն»:
Նրա խոսքով՝ փորձագետներն ինքնաթիռի բեկորները կշարունակեն հավաքել նոյեմբերի 9-ին: Գործակալության զրուցակիցը հավաստիացրել է, որ ԴԺՀ-ի տրանսպորտի նախարարությունը հոլանդացի փորձագետներին տեխնիկա է հատկացնում ինքնաթիռի բեկորները հավաքելու և տեղափոխելու համար, մասնավորապես, երկաթուղային վագոններ:
Մալայզիական Malaysia Airlines ավիաընկերցության Boeing-777 մարդատար ինքնաթիռը, որը հուլիսի 17-ին չվերթ էր կատարում Ամստերդամից Քուալա Լումպուր, վթարի Էր ենթարկվել ԴԺՀ-ի տարածքում: Ինքնաթիռում գտնվում էր 298 մարդ, որոնք բոլորն էլ զոհվել են: Ավելի վաղ հաղորդվել էր, որ արդեն ճանաչված են ավիաաղետի 289 զոհեր: