Գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել են կաթի վերամշակման հարցեր. մթերումը կկանոնակարգվի նոր ծրագրով
EconomicsՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հունվարի 24-ին հրավիրել է խորհրդակցություն կաթ վերամշակող ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը, Կաթնամթերք արտադրողների միության նախագահ Խաչատուր Պողոսյանը, «Լարի» պանիր արտադրողների միության նախագահ Արմեն Գիգոյանը, այլ պատասխանատուներ: Հանդիպման նպատակն էր քննարկել ոլորտի ընթացիկ խնդիրները և նախանշել զարգացման հեռանկարները:
Ինչպես տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ՀՀ գյուղատնտեսության նախարարը նշել է, որ 2019 թվականին ԵՄ աջակցությամբ նախատեսում են կաթի մթերման գործընթացի կանոնակարգման նպատակով ծրագիր իրականացնել, որը ենթադրում է ի դեմս վերամշակողների, մթերման միջանկյալ օղակի ձևավորում: Նախատեսվում է աջակցել վերամշակողներին մթերման կետերի կառուցման գործում, իսկ նրանք իրենց հերթին պետք է օգնեն գյուղացիներին. կերով ապահովեն, խորհրդատվություն տրամադրեն, և երաշխավորված կերպով մթերեն անհրաժեշտ որակով և քանակի արտադրանք:
«Մենք ցանկանում ենք լսել ձեր կարծիքը, որպեսզի հասկանանք, որքանով է ճիշտ ծրագրի գաղափարախոսությունը, քանի որ դուք եք ի վերջո դրա վերջնական սպառողը: Ի՞նչ մտքեր ունեք ոլորտի զարգացմանն ուղղված, որոնց իրականացման հարցում գյուղատնտեսության նախարարությունը կարող է օգտակար լինել»,- նշել է նախարար Առաքելյանը` դիմելով հանդիպման մասնակիցներին:
Հանդիպման մասնակիցները նշել են, որ հանրապետությունում առկա են անհրաժեշտ քանակությամբ մթերման կետեր` կարևորելով անասնապահության ոլորտում առկա խնդիրների, մասնավորապես կաթի արտադրության քանակների ավելացման, ֆերմերային տնտեսությունների ստեղծման, նրանց կրթության, կենդանիների ճիշտ պահվածքի և կերակրման, արոտավայրերի արդյունավետ օգտագործման, կովկասյան գորշ ցեղատեսակի վերականգնման և այլ հարցեր: Առանձնահատուկ կարևորվել է կաթի որակի բարելավման անհրաժեշտությունը:
«Արտադրողը պետք է սոցիալական պատասխանատվության զգացում ունենա ֆերմերի, գյուղացու հանդեպ, դուք առաջնահերթ պետք է շահագրգռված լինեք լավ որակի կաթ ձեռք բերելու հարցում, այդ իսկ պատճառով առաջարկում ենք համատեղ մշակել լուծման մեխանիզմ, որում սակայն պետք է ունենաք ձեր գործուն ներդրումը»,- նշել է գյուղատնտեսության նախարարը` կոչ անելով համագործակցել և ներկայացնել առաջարկներ, որոնք հիմք կհանդիսանան ծրագրի մշակման համար:
Իգնատի Առաքելյանը տեղեկացրել է նաև, որ նախարարությունը մտադիր է ընդլայնել լիզինգի պետական աջակցության ծրագրով տրամադրվող ապրանքների շրջանակը` առաջարկելով վերամշակողներին ներկայացնել արտադրական գործընթացում իրենց անհրաժեշտ սարքավորումների և տեխնիկայի ցանկը: