Սիրիայի քրդերը Աֆրինում Թուրքիայի ռազմական գործողությունների շարունակվելու դեպքում Սոչիի բանակցություններին չեն մասնակցելու
International newsՍիրիայի քրդերը հայտնել են, որ իրենք Աֆրինում Թուրքական ԶՈւ կողմից սկսված «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության շարունակվելու դեպքում չեն մասնակցի Սոչիում սիրիական խնդրի կարգավորման վերաբերյալ հունվարի 29-ից 30-ը սպասվելիք բանակցություններին:
Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Թուրքիայի ԱԳՆ-ն իր հերթին Ռուսաստանի և Իրանի կողմերին հայտնել է, որ չի ցանկանում Սիրիայի քրդերին տեսնել Սոչիի բանակցություններում, և կողմերը բավարարել են Թուրքիայի պահանջը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ևս մեկ անգամ հայտարարել է, որ թուրքական զինված ուժերը սիրիական Աֆրինից հետո կարող են շարժվել Մանբիջ և այնտեղ նույնպես պայքարել քրդական զորամիավորումների դեմ:
Էրդողանը նշել է նաև, որ թուրքական ԶՈՒ-ն «Ձիթենու ճյուղ» անունը կրող ռազմական գործողության շրջանակներում կարող է հասնել մինչև իրաքյան սահման:
«Մենք այս գործողությունը շարունակելու ենք այնքան, մինչև հասնենք մեր նպատակին: Աֆրինից հետո ահաբեկիչներից կմաքրենք Մանբիջը: Եթե անհրաժեշտ լինի կհասնենք մինչև Իրաքի սահման և այդ տարածքներում գեթ մեկ ահաբեկիչ չենք թողնի»,-հայտարարել է Էրդողանը:
Սիրիայի քրդերն իրենց հերթին կոչ են արել Սիրիայի իշխանություններին Աֆրինը պաշտպանել թուրքերից:
PYD-ն կոչ է արել սիրիական իշխանություններին ապահովել Աֆրինի անվտանգությունը և Սիրիայի սահմանները պաշտպանել թուրքական նվաճողական քայլերից:
Թուրքիայի զինված ուժերը հունվարի 20-ից Սիրիայի Աֆրին շրջանում քրդերի դեմ ռազմական գործողություն են սկսել, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Այդ օրը թուրքական 72 ռազմական ինքնաթիռ ռմբակոծել են քրդերի դիրքերը, ինչից հետո թուրք զինվորներն անցել են սիրիական սահմանը: Գործողություններին մասնակցում են զգալի թվով զինվորներ ու զինտեխնիկա: Թուրքական զինուժն Աֆրին նահանգ է մտել 3 ուղղությամբ:
Հունվարի 25-ին Սիրիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ֆայսալ Մեքդադը նշել է, որ թուրքական ռեժիմի կողմից իրականացվող հարձակումներին պատասխանելու համար անհրաժեշտ տեխնիկան բերված է պատրաստի վիճակի: