ՀՀ ֆինանսների նախարարը ՀԿ-ների ներկայացուցիչների հետ քննարկել է գնման ընթացակարգերի կատարելագործումը
EconomicsՀՀ ֆինանսների նախարարՎարդան Արամյանի գլխավորությամբ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որի ընթացքում ներկայացվել և քննարկվել են 2017 թվականի նախարարության իրականացրած, ինչպես նաև 2018 թվականին նախատեսվող այն գործողություններն ու միջոցառումները, որոնք միտված են գնման ընթացակարգերն ավելի պարզ և թափանցիկ դարձնելուն, դրանց մրցակցային և ոչ խտրական հիմունքներով կազմակերպմանը: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Հաղորդագրության մեջ նշված է. «Նախարար Արամյանը նշել է, որ շատ կարևոր է նախարարության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև նման սերտ համագործակցությունը. նախարարությունը կարևորում է գնումների ոլորտում իրականացվող բարեփոխումների առումով նրանց ներգրավվածությունը:
Հանրային ֆինանսների կառավարման մեթոդաբանության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանն ընդգծել է, որ 2017 թվականի ընթացքում նախարարության կողմից գնումների ընթացակարգերի մասնակից պատվիրատուներին տրվել է շուրջ 400 պարզաբանում, ինչպես նաև, ելնելով օրենսդրական փոփոխություններից, 2017 թվականի ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարությունը իրականացրել է շուրջ հազար որակավորված գնումների համակարգողների դասընթաց-վերապատրաստումներ:
Հանդիպման ընթացքում մասնավորապես քննարկվել են «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» ՀՀ կառավարության 2017թ. N 526-Ն որոշման մեջ նախատեսվող փոփոխությունները, որոնց վերաբերյալ նախագիծը հանրային քննարկման է դրվել e-draft.am իրավական ակտերի նախագծերի միասնական կայքում: Քննարկվել են գնման գործընթացների կազմակերպման օրենսդրության կիրարկման ընթացքում ի հայտ եկած խնդիրները, որոնց լուծման նպատակով նախաձեռնվել է հիշյալ որոշման մեջ փոփոխությունների նախաձեռնելու գործընթաց: Քննարկման արդյունքներով պայմանավորվածություն է ձեռք բերվել ի հայտ եկած խնդիրներն ամփոփելու համար պարբերաբար նման աշխատանքային ևս մեկ հանդիպում անցկացնելու վերաբերյալ:
Հանդիպման ավարտին նախարար Վարդան Արամյանը իր գոհունակությունն է հայտնել քննարկման մասնակից ՀԿ ներկայացուցիչներին նախաձեռնությունների և համագործակցության համար»: