Դասավանդեցինք, ու ի՞նչ տվեց
AnalysisՄենք մի տեսակ սովորել ենք ամեն ինչը դարձնել հուզական և հերոսական: Բավական է մի փոքրիկ դրական բան մեր իրականության մեջ ու միանգամից, պատում ենք այն հերոսականության շղարշով: Միգուցե, ամեն ինչ այնքան վատ է, որ նույնիսկ փոքր դրականն ընկալվում է որպե՞ս հերոսություն: Եթե այդպես է ուրեմն ամեն ինչ, շատ ավելի վատ է, քան մենք կարծում ենք:
Նույնը վերաբերվում է Դասավանդի՛ր, Հայաստան ծրագրին: Վերջին ընթացքում, շատ եմ կարդում այդ ծրագրի, ծրագրի մասնակիցների մասին գրառումներ, խրախուսանքներ, հերոսականություն, կեցցե՛ս-ներ: Չէ, չմտածեք թե ինչ-որ վերապահում ունեմ: Ցանկացած լուսավոր մարդ, որ մտնում է դպրոց, դա արդեն լավ է: Բայց...
Այդ ի՞նչ մի հերոսություն է գնալ մարզում դասավանդելը, այդ մեկը գոնե ինձ համար անհասկանալի է: Հայաստանն է էլի՝ մի ծայրից մյուսը՝ հինգ ժամվա ճամփա:
Մյուս կողմից, այս ծրագիրը մի մեծ ողբերգություն է բացահայտում: Տարիներ առաջ, կար ծրագիր, որով երիտասարդ ընտանիքները կամ դասավանդողները գնում էին Արցախ: Դե տուն էին տալիս, կով էին տալիս, մեկ-մեկ՝ ադրբեջանցիներից վերցրած ժիգուլիներից... լավ՝ չխորանանք:
Մի քանի տարի հետո արդեն, Դասավանդի՛ր, Հայաստանը կարող է դառնալ, Սփյու՛ռք, դասավանդի՛ր Երևանում ու ինչ-որ մի սփյուռքահայ երիտասարդ, հուզառատ և հերոսական էսսե կգրի էն մասին, թե ինչպես է դասավանդել Երևանում: Իսկ գիտե՞ք ինչու: Այո, որովհետև մարզերում էլ մարդ մնացած չի լինի որ դասավանդեն:
Նույն տրամաբանությամբ, խորհդրային Հայաստանի քաղաքացիների մեծ մասը հերոսներ էին: Գյումրիում ապրած և սովորած զոդող կարող էին ուղարկել Իջևան, իսկ Երևանում կրթություն ստացած բժշկին՝ Կապան: Ընկերներ, Սիբիրում չենք աշխատում, որ այդքան հերոսացնում ենք: Ու դեռ պետք է հասկանալ, թե քանի՞ ժամ են պարապում այդ ծրագրի մասնակիցները և ինչքան են վճարվում դրա համար: Ու չզարմանաք, եթե վերջում պարզվի, որ սովորական խոպանի գործ է:
Վահրամ Թոքմաջյան