Սարգսյանն ամրագրեց
AnalysisՎերջին շրջանում, Սերժ Սարգսյանը որևէ հարթակ բաց չի թողնում, ելույթով հանդես գալու և իր իշխանության շարունակությունը վերջնական ամրագրելու համար: Քչախոս Սարգսյանը դարձել է զարմանալիորեն շատախոս: Նա ելույթներով է հանդես գալիս այնպիսի տոների կամ արարողությունների ժամանակ, որոնց նախկինում միայն մասնակցել էր:
Այդ տոներից մեկն էլ, հունվարի 28-ին նշվող Հայոց բանակի օրն է: Այստեղ ևս, Սարգսյանն առիթ բաց չթողեց հանդե գալու ելույթով: Ինչպես հայտնի է, նրա նախագահության ավարտին մնացել է երկու ամիս: Որոշ ժամանակ առաջ, նա խոսեց բանակի յոթնամյա ծրագրի մասին: Այս ելույթով, նա փաստացի կրկնեց այդ ծրագրային պնդումը և հանգստացրեց թե իր թիմակիցներին և թե՝ հակառակորդներին:
«Շարունակելու ենք հետևողականորեն բարձրացնել մեր բանակի մարտունակությունը: Այդ նպատակով ընդունվել է բանակի արդիականացման յոթնամյա ծրագիր, ինչը կյանքի ենք կոչելու ժամանակացույցին համապատասխան: Անձամբ ես ջանք չեմ խնայելու, որ մեր բանակը դառնա ավելի արդիական և ավելի ուժեղ », - ասաց Սերժ Սարգսյանը։
Մինչև հունվարի 28-ը Բանակի արդիականացման 7 տարվա ծրագիր մշակելու հանձնարարական Սերժ Սարգսյանը պաշտպանության նախարարին տվել էր դեռ անցած տարի։ Նախօրեին Վիգեն Սարգսյանը տեղեկացրել էր, որ ծրագիրը պատրաստ է և ներկայացվել է նախագահին։
Բնական է, որ Սարգսյանը չի ասում, թե ինչ արդիականացման կամ նորարարացման մասին է խոսքը: Նա այդ յոթ տարիները շեշտում է պարզապես, հասկացնելու համար, որ մոտակա տարիներին, դեռ բոլոր կարևոր հարցերի որոշողը լինելու է ինքը: Նա չի հստակեցնում նաև, թե ինչ ձևաչափով է մասնակցելու այդ փոփոխություններին, սակայն մեկ հանգամանք ակնհայտ է: Եթե արտառոց ոչինչ տեղի չունենա, ապա գոնե մոտագա չորս տարիներին, նա այդ գործընթացին մասնակցելու է որպես վարչապետ:
Զաբել Ռուբինյան