Թուրքիայում անհանգստացած են ԶՈւ ԳՇ կայքից Հայոց ցեղասպանությունը ժխտող բաժնի անհետացմամբ
Հայոց ցեղասպանության իրողությունը ժխտող 8-հատորանոց աշխատության' օրերս Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի կայքից անհետացումը անհանգստացրել է այդ երկրի որոշ շրջանակների:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական zete.com կայքը, Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Ալի Իհսան Քյոքթուրքը երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուին գրավոր հարցապնդում է ներկայացրել՝ պահանջելով բացատրել ԳՇ պաշտոնական կայքից աշխատությունը հանվելու պատճառը:
Հարցապնդման մեջ պատգամավորն անհանգստություն է հայտնել, որ այն պայմաններում, երբ հայկական սփյուռքը ակտիվորեն նախապատրաստվում է 2015 թվականի ապրիլի 24-ին նշել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը, թուրքական կողմը, «փոխանակ հակաքայլեր ձեռնարկի», ԳՇ կայքից հանել է «հայկական պնդումներին պատասխանելու համար պատրաստված աշխատությունը»: Թուրք պատգամավորը Դավութօղլուից հետաքրքրվել է, թե ինչ աշխատանքներ և հակաքայլեր է նախաձեռնում կատարել կառավարությունը հայկական պնդումների դեմ:
Թուրքական «Ջումհուրիեթ» թերթն օրերս հայտնել էր, որ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբն իր պաշտոնական կայքից հանել է Թուրքիայի ԶՈւ ԳՇ ռազմական պատմության և ռազմավարական հետազոտությունների նախագահության (ATASE) կողմից Հայոց ցեղասպանության պնդումներին «պատասխանելու» համար «Պատառիկներ պատմությունից» բաժնում PDF ձևաչափով տեղադրված' «1914-1918 թվականներին հայերի գործունեությունն արխիվային փաստաթղթերում» ենթաբաժինը, որն ուղղված էր Հայոց ցեղասպանության իրողության «ժխտմանը»:
Թերթը հայտնել էր, որ թուրքերեն և անգլերեն այդ աշխատության վրա աշխատանքները սկսվել էին 2006 թվականին և ավարտին հասցվել 2008 թվականին: 3 տարում պատրաստված այդ աշխատությունն այժմ հնարավոր է տեսնել միայն «ԳՇ ATASE և վերահսկողության նախագահության հրատարակչական բաժնի տնօրինություն» հասցեում: