Իսլամական տեռոր՝ քրիստոնեական շղարշով
AnalysisՀայաստանում, որպես ազատ խոսքի հարթակ, քիչ թե շատ մնացել է մեդիադաշտը: Թերթերը սպառում քիչ ունեն և հազիվ են ծայրը ծայրին հասցնում, հեռուստատեսությունն իշխանությունների տոտալ վերահսկողության տակ է, իսկ կայքերի ոլորտում, դեռ մասնակի ազատություն կա: Սա բնականաբար սարսափեցնում է Հայաստանի իշխանություններին և նրանց մոտ կանգնած անձանց: Նրանք ամեն կերպ, փորձում են Հայաստանը դարձնել տոտալիտար երկիր, իսկ այդ ճանապարհին, շատ կարևոր է, որպեսզի բոլորը գովերգեն Բանակին ու Եկեղեցուն: Իշխանություններն իրենց ապաշնորհությունը թաքցնում են այս երկու երևույթների հետևում:
Բանակին գովերգելը հասկանալի է: Այնտեղ մեր զինվորն է: Հասարակության անդամը, որը հավասարապես տանջվում է այն զրկանքներից, ինչ մնացյալս: Իսկ այդ կառույցի ղեկավարությանը կամ հաստափոր կղերականներին ինչպե՞ս գովերգենք: Հայաստանում, ծաղրանկարչության ոլորտն այդքան էլ զարգացած չէ: Ծաղրանկարչությունը հետաքրքիր ոլորտ է, որը պատկերում է օրվա քաղաքական, հասարակական, սոցիալական, մշակութային խնդիրները արվեստի ու սատիրայի դիտանկյունից: Բնական է, որ այն կարող է շատերին դուր չգալ:
Այս առումով, հետաքրքիր նախաձեռնություններ ունի Մեդիալաբ կայքը: Սակայն ինչպես պարզվում է, ոմանց ոչ միայն դուր չի գալիս այս հանգամանքը, այլ նրանք որոշել են խոսքից գործի անցնել:
Օրերս «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում «Մեդիալաբ» կայքի տնօրեն և գլխավոր խմբագիր Մարիաննա Գրիգորյանի հասցեին սպառնալիքներ պարունակող գրառումներ են արվել:
Ինչպես պարզվել է մի շարք պնդումներից, գրառումներ կատարողը ՊՆ աշխատակից է: Ամեն դեպքում, այդպես են հայտնում կայքից: Նա չսհամանափակվելով հրապարակային մեկնաբանություններով, անցել է նամակագրության դաշտ ու այդտեղ ևս սպառնացել Մարիաննա Գրիգորյանին:
Գրիգորյանը պատրաստվում է Սաքունցի գրասենյակի միջոցով դիմել դատախազություն: Անձամբ ես, դատախազության աշխատանքի հետ կապված մեծ հույսեր չեմ փայփայում: Սակայն ակնհայտ է, որ սա բռի ու կոպիտ ոտնձգություն է ազատ խոսքի նկատմամբ: Հետաքրքիր է, այսպես ենք ինտեգրվում Եվրոպական ընտանիք, թե դրանք լոկ խոսքեր են:
Զաբել Ռուբինյան