ԵԼՔ-ը նորից պառակտվու՞մ է
AnalysisԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն օրերս հայտարարեց, որ երկրի թիվ 1 խնդիրը Սերժ Սարգսյանի վերարտադրությունը թույլ չտալն է: Նույն խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը, սակայն, Փաշինյանի սույն հայտարարությունից հետո ասաց, թե արդեն ուշ է այդ գործընթացի դեմ պայքարելու համար:
ԵԼՔ-ը, կարելի է ասել, հերթական անգամ պառակտվում է: Ինչու՞ հերթական, որովհետև առաջին անգամը չէ, որ ԵԼՔ-ի տարբեր անդամներ տարբեր կարծիքներ են հայտնում նույն թեմայի վերաբերյալ, ընդ որում ՝ իրար զուգահեռ: Արդյոք սա քաղաքական տարաձայնության հետևանք է, թե պարզապես քաղաքական անփորձության ու կուսակցական միասնական օրակարգի հետ աշխատելու հմտությունների պակաս, դժվար է ասել:
Դժվար է նաև խոսել, այսպես ասած, արժեհամակարգային տարբերությունների մասին: Ինչ արժեհամակարգային տարբերությունների մասին կարելի է խոսել մի դաշինքի պարագայում, երբ բավական տարբեր ու իրար հանդեպ ագրեսիվ ու տհաճ քարոզչություն վարած ուժերը միավորվում են ՝ պարզապես պառլամենտի անցողիկ շեմը հաղթահարելու համար:
Խնդիրը, թերևս ավելի շատ ամբիցիաների տարբեր չափաբաժինների ու գործելաոճի առանձնահատկությունների մեջ է: Փաշինյանը ամբիցիոզ է ու պատրաստ է ցանկացած ֆորս մաժորի մասնակցել կամ դամ պահել, միայն դե ամբիցիաները կարողանա բավարարել: Մարուքյանն, ընդհակառակը, սիրում է աշխատել լուռ ու այսպես ասած «կառուցողական» երկխոսության մեջ լինել իշխանության հետ: Սրան զուգահեռ կա նաև Արամ Սարգսյան, որը այս պահին, փաստացի որոշիչ դերակատարություն չունի ԵԼՔ-ում ու կոնֆլիկտի սրացման դեպքում ստիպված է լինելու հարել կամ Մարուքյանին կամ Փաշինյանին:
Սարգիս Մեսրոպյան