Կոյուղուց դեպի քաղաքականություն
AnalysisԵրկիր Ծիրանիի գարշահոտ արարքից հետո հայտնվեցին մարդիկ, ովքեր սկսեցին պաշտպանել նրանց գործողությունն, ավելին սկսեցին խոսել կանանց իրավունքներից ու բռնությունից: Մերօրյա ասպետ-ակտիվիստները, որոնց համար կյանքը բաժանվում է սև ու սպիտակ գույների միայն, բնականաբար չխորացան խնդրո առարկա կոյուղաջրի հարցում, չփորձեցին իրավիճակը վերլուծել ընդհանրական:
Այն պահից, երբ քաղաքական ասելիքն ու անելիքը վեր է ածվում կոյուղու ջրով ներկայանալու, կին-տղամարդ բոլոր սահմանները վերանում են: Եվ այդ սահմանը անցնում է հենց Երկիր Ծիրանին: Դրանից հետո անիմաստ է խոսել կնոջ հանդեպ ասպետական վերաբերմունքի մասին: Մի դեպքում, երբ կա սկանդալի կարիք, նրանք սադրում են սկանդալ, մոռանալով, որ կին են: Իսկ հենց սկանդալը ձախողվում է ու նրանց սկսում են մեկուսացնել, նրանք հիշում են, որ կին են:
Ինչևէ ունենք այն, ինչ ունենք: Չնայած այն հանգամանքին, որ կոյուղաջրերի խնդրի հասցեատերը քաղաքապետարանը չէ, դա չի խանգարում ոչ ծիրանուհիներին, ոչ էլ նրանց աջակիցներին թեման տաք պահել ՝ լուծելով երկու խնդիր: Փորձել աղմուկով շղարշել իրենց անբովանդակ քաղաքական կյանքը: Փորձել թիրախավորել կոնկրետ կառույցի աշխատանք ՝ ընդդիմադիր դաշտում և ոչ միայն հովանավորներ ու աջակիցներ ձեռք բերելու համար:
Ցավոք, ընդդիմադիր հռետորաբանության մակարդակը Հայաստանում գնալով ընկնում է և Երկիր Ծիրանին այդ անկման գլխավոր մեղավորներից մեկն է: Կոյուղուց դեպի քաղաքականություն սողոսկածների համար մեկ ճանապարհ կա ՝ հետդարձի ճանապարհը ՝ քաղաքականությունից դեպի կոյուղի:
Որպես ամփոփում նշենք նաև, որ գարշահոտ ակցիայից հետո, կազմակերպվեց մեկ այլ ակցիա քաղաքապետարանի մոտ: Իսկ այնուհետ սոցցանցերում ակտիվացան ամհայտ ծագման խմբեր ու կազմակերպություններ, որոնք սկսեցին կուրծք ծեծել կանանց իրավունքների պաշտպանության մասին:
Զարմանալի է պահում իրեն ԵԼՔ դաշինքը, որի անդամները սկսել են իրար հերթ չտալով գրառումներ անել ՝ փորձելով այսպես պարզերես լինել ընդդիմադիր գործընկերների մոտ: Իսկ զարմանալին այն է, որ բուն միջադեպի պահին ԵԼՔ-ն իրեն բավական ադեկվատ էր պահում, իսկ այժմ կարծես գարշահոտության սկանդալի տեղեկատվական փուչիկը սկսել է նաև իրենց ճնշել:
Արսեն Բունիաթյան