Արթուր Գևորգյան. «Երևանի քաղաքապետարանը շարունակելու է գործել բաց և թափանցիկ աշխատակարգով»
Society1in.am-ը գրում է.
Երևանի քաղաքապետարանի կողմից երեկ տարածված հաղորդագրությունն այն մասին, որ հանձնարարվել է առաջարկություն ներկայացնել քաղաքապետարանի վարչական շենքերում լրագրողների աշխատանքը կանոնակարգելու վերաբերյալ, բուռն քննարկումների տեղիք է տվել՝ ներկայացվելով հատկապես որպես Երևանի ավագանու նիստերը փակ ռեժիմով անցկացնելու հրահանգ:
«Առաջին լրատվական»-ը Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանից փորձեց պարզել, թե որքանո՞վ է հավանական շրջանառվող այս տեղեկատվությունը: Ի պատասխան մեր հարցման քաղաքապետարանի լրատվության պատասխանատուն նախ նշեց, որ Երևանի քաղաքապետարանը աշխատել և շարունակելու է գործել բաց և թափանցիկ աշխատակարգով.
«Մեկ անգամ ևս վերահաստատելով Երևանի քաղաքապետարանի բաց և թափանցիկ աշխատելու պատրաստակամությունը, տեղեկացնում եմ, որ Երևանի ավագանու նիստերը շարունակելու են հեռարձակվել համաժամանակյա և բաց ընթացակարգով: Աշխատակազմի ներքին կանոնակարգում նախատեսվող փոփոխություններով և լրացումներով էլ ԶԼՄ ներկայացուցիչների համար նախատեսվելու է նիստերի լուսաբանումն առավել հարմարավետ, համապատասխան տեխնիկական հնարավորություններով կահավորված և համաժամանակյա հեռարձակման հնարավորություն ընձեռող տարածքի ապահովում, ինչպես նաև Երևանի ավագանու անդամների հետ հարցազրույցներ կազմակերպելու սահմանված տարածք: Առիթն օգտագործելով կհորդորեմ մեր բոլոր գործընկերներին զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց», – եզրափակեց Արթուր Գևորգյանը: