Գումար պոկելու նոր մեթոդ «Դեղերի մասին» նոր օրենքի տեսքով
SocietyPast.am-ը գրում է.
Մարտի 1-ից Հայաստանում բազմաթիվ դեղեր այլևս հնարավոր կլինի ձեռք բերել միայն դեղատոմսով: Կառավարության «Դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու կարգը, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու մասին» որոշումն ուժի մեջ մտնելուց հետո կավելանան ոչ միայն հերթերը բուժհաստատություններում, այլև՝ մարդկանց հոգսերն ու գլխացավը՝ դեղն անպայման դեղատոմսով գնելու պատճառով:
Մարտի 1-ից դեղատոմսով տրամադրվող դեղերի ցանկը կհամալրեն կոդեին պարունակող դեղերը, հորմոնային դեղերը և հակաբիոտիկները: Ամռանը այս ցանկին կավելանա նաև սրտի և ճնշման կարգավորման նպատակով օգտագործվող դեղորայքը, իսկ հոկտեմբերից առհասարակ կարգելվի դեղահաբերի հատավաճառը:
Այս ամենն ինչպես կանդրադառնա թե՛ բուժհաստատությունների և թե՛ ժողովրդի վրա, դժվար չէ կռահել: Երևանյան դեղատներից մեկի դեղավաճառը, ով չցանկացավ ներկայանալ, նշեց, որ սա սխալ մեխանիզմ է և հույս ուներ, որ որոշման նախագիծը կչեղարկվեր:
Բանն այն է, որ որոշման ուժի մեջ մտնելուց հետո պարտադիր դեղատոմս ներկայացնելուց բացի, կավելանան նաև մարդկանց ծախսերը: Եթե նախկինում հիվանդը բժշկին այցելելուց հետո վերցնում էր դեղերի անուններով սովորական մի թուղթը և կարող էր գնել դրանք պարբերաբար, ապա նոր որոշման արդյունքում մեկ դեղատոմսը կարող է գործածվել միայն կես տարի: Եվ կրկին դեղատոմս դուրս գրելու համար քաղաքացին կրկին պետք է հետազոտություն անցնի, այն էլ՝ մանրակրկիտ: Առանց համապատասխան հետազոտությունների պատասխանների՝ բժիշկներն իրավունք չեն ունենա դեղատոմս դուրս գրել:
Դեղատան աշխատակցի խոսքով՝ իրենց մշտական հաճախորդներից արդեն իսկ բողոքներ լսել են այս նոր որոշման հետ կապված: Եվ ոմանք էլ մինչ որոշման ուժի մեջ մտնելը արդեն համալրել են իրենց անհրաժեշտ դեղերի «պաշարները», չնայած որ դրանք միևնույն է այնքան էլ շատ չեն, բայց ով որքան կարողացել է, գնել է:
Մեր՝ դեղատանը լինելու ընթացքում մի տարեց մարդ մտավ, ով եկել էր իրեն անհրաժեշտ դեղը գնելու համար: Լսելով մեր զրույցը՝ միջամտեց. «Ես մեծ մարդ եմ: Ինչ-որ մի խնդիր, օրինակ՝ սրտի, ունենալու դեպքում գնում եմ պոլիկլինիկա: Ինձ այնտեղ հարցնում են՝ պետպատվերով է: Հաստատում եմ, ինձ ասում են՝ դե գնա՛, մի երկու շաբաթից կգա՛ս: Անմիջապես չեն նայում: Ստացվում է, որ ինձ անհրաժեշտ դեղն ունենալու համար ես դեռ պետք է սպասեմ: Իսկ էդ ընթացքում ես ի՞նչ կդառնամ: Ստիպված գումար պիտի տամ, որ անմիջապես զննեն: Բայց թոշակառու մարդը էդքան փող ո՞ւնի: Հետո ասում են հատավաճառով դեղն արգելվելու է, ամբողջ Եվրոպայում է այդպես: Բայց մեզ մոտ հիվանդը սկի փող չունի, որ մի քանի հատիկ դեղ առնի, ինչպե՞ս միանգամից տուփով գնի»: Ծերունու վրդովմունքին ի պատասխան՝ դեղատան աշխատակիցը մեզ ասաց, որ պետք չէ համեմատվել Եվրոպայի հետ, այնտեղ իհարկե առանց դեղատոմսի դեղ չեն տալիս, բայց կենսամակարդակը լրիվ այլ է, գումարած, որ մեծամասամբ դեղերը տրվում են բուժհաստատություններում: Մեզ մոտ էլ իհարկե կան անվճար տրամադրվող դեղեր, սակայն դեղագետի խոսքով՝ դրանք անօգուտ են ու անորակ:
Մեխանիզմի սխալ լինելու ևս մեկ ապացույցն էլ այն է, որ նոր դեղատոմսով դեղ նշանակելու կամ տրամադրելու համար անհրաժեշտ է ունենալ համակարգիչ, որի առկայությունը շատ բուժհաստատություններում և դեղատներում չկա: Շատ մարզային պոլիկլինիկաներ դեռևս ապահովված չեն համակարգչային տեխնիկայով: Նույն կերպ համակարգիչ չկա նույնիսկ երևանյան մի շարք դեղատներում: Իսկ դեղ վաճառելու համար միայն դեղատոմսը բավարար չէ, դեղատան աշխատակիցը պետք է հատուկ տվյալներ ներմուծի համակարգիչ և այնտեղ նույնպես տեսնի ու համոզվի, որ բժիշկը հենց այդ դեղամիջոցն է նշանակել հիվանդին:
Մյուս անհասկանալի կետը նույն ակտիվ նյութը պարունակող տարբեր դեղերի դեղատոմսով կամ առանց դեղատոմսի տրամադրելուն է վերաբերում: Օրինակ՝ բելառուսական «Աեվիտը» (վիտամին է) կարելի է ձեռք բերել միայն դեղատոմսով, իսկ ռուսականը՝ ազատ գնել: Կամ նույն դեղամիջոցի կաթիլները առանց դեղատմոսի, իսկ կոճակները՝ դեղատոմսով: Եվ այս ցանկը կարելի է երկար շարունակել, քանի որ օրինակներն իսկապես շատ են:
Մյուս խնդիրն էլ այն է, որ մարդիկ այս որոշման ընդունումից հետո ստիպված կլինեն միայն աշխատանքային օրերին իրենց վատ զգալ, քանի որ շաբաթ-կիրակի չես կարող որպես բուժօգնության առաջին օղակ ծառայող պոլիկլինիկա այցելել: Իհարկե, կասեն, թե կարելի է հիվանդանոց գնալ, սակայն ցանկացած հիվանդանոցի այցելությունից անպակաս է խորհրդատվության համար վճարվող գումարը, էլ չասեմ՝ հետազոտությունների գների մասին:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ