Շիրակի պետական համալսարանից պարզաբանում են պահանջել. ԿԳՆ պատասխանը
SocietyPast.am-ը գրում է.
Ավելի քան մեկ շաբաթ առաջ Past.am-ը տեղեկացրել էր, որ Շիրակի Միքայել Նալբանդյանի անվան համալսարանի շուրջ դեռ ամիսներ առաջ ծավալված կրքերը չեն հանդարտվում: Պատմության և փիլիսոփայության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Հովհաննես Խորիկյանն անժամկետ հացադուլ էր հայտարարել, ինչի պատճառը համալսարանի գիտական խորհրդում ֆակուլտետների դեկանների և ամբիոնների վարիչների ընտրությունն էր: Ըստ դասախոսների՝ ՇՊՀ-ի ռեկտոր Սահակ Մինասյանը կամայականորեն փոփոխություններ է մտցրել ֆակուլտետի դեկանների և ամբիոնի վարիչների ընտրության կարգի մեջ՝ ֆակուլտետային խորհուրդներից այն տեղափոխելով բուհի գիտական խորհուրդ:
Ընտրությունը տեղի էր ունեցել, որի արդյունքում ընտրվել էին երկու դեկան և մի քանի ամբիոնների վարիչներ: Ըստ բուհի դասախոսների՝ ընտրությունն ապօրինի է, քանի որ բուհի կանոնադրության համաձայն՝ դեկաններն ու ամբիոնի վարիչներն ընտրվում էին ֆակուլտետային խորհուրդներում, բայց Սահակ Մինասյանն ընտրության կարգն իր ձեռքն է վերցրել ու հայտարարում է, որ ընտրությունը պետք է գիտական խորհրդում լինի: Բարձրացված խնդրի շուրջ դասախոսներն ու ուսանողները ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանից արձագանք էին պահանջում:
Բուհի դասախոս Գագիկ Համբարյանը մեզ հետ զրույցում հայտնել էր նաև, որ մինչև հիմա Սահակ Մինասյանը չի վճարել դասախոսների ժամավճարներն ու չի վճարում նաև այն դասախոսների հավելավճարները, որոնք ակտիվ գիտական գործունեությամբ են զբաղվել:
Կրթության և գիտության նախարարություն ուղարկված գրավոր հարցման միջոցով Past.am-ը փորձել էր ներկայացված խնդիրների շուրջ պարզաբանում ստանալ:
ԿԳՆ աշխատակազմի ղեկավար Նաիրի Հարությունյանը պատասխանել է մեր հարցմանն ու նախ անդրադառնալով դեկանների ու ամբիոնի վարիչների ընտրությանը, ընդգծել է. «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ «Բարձրագույն ուսումնական հաստատությունն ինքնուրույն է որոշում բոլոր տարակարգերի աշխատողների հաստիքակազմը, իրականացնում է աշխատողների ընտրությունը և բաշխումը, ներառյալ՝ գիտամանկավարժ կազմի համալրումը, պրոֆեսորադասախոսական կազմի, գիտական և ուսումնական ստորաբաժանումների ղեկավարների պաշտոնների զբաղեցման կարգերը.»: ՀՀ կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 22-ի N 1031-Ն որոշմամբ հաստատված Շիրակի պետական համալսարանի կանոնադրության 48-րդ հոդվածի 8-րդ կետով սահմանված է, որ գիտական խորհուրդը հաստատում է ֆակուլտետների դեկանների, ամբիոնների վարիչների, դասախոսների և այլ ընտրովի պաշտոնների ընտրության կարգերը: Ղեկավարվելով օրենքի և կանոնադրության վերոնշյալ դրույթներով՝ 2017 թ. ապրիլի 11-ի գիտական խորհրդի նիստում հաստատվել են «ՇՊՀ դեկանի ընտրություն», «ՇՊՀ ամբիոնի վարիչի ընտրություն» կանոնակարգերը, և մրցույթներն իրականացվել են այդ կարգերին համապատասխան»:
Աշխատակազմի ղեկավարն ընդգծել է նաև, որ ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից առաջարկվել է բուհին՝ վերանայել և հստակեցնել կանոնադրության և ներքին իրավական ակտերի տարընթերցման տեղիք տվող դրույթները:
Ինչ վերաբերում է չվճարված ժամավճարներին և հավելավճարներին, Նաիրի Հարությունյանը պատասխանել է. «Միաժամանակ տեղեկացնում եմ, որ բուհի դասախոսներին վճարվող ժամավճարների և լրավճարների վերաբերյալ լրացուցիչ պարզաբանում ստանալու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից հարցում է ուղարկվել Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան: Արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ»:
Աննա Բադալյան