Բարեգործական ակցիայով այսօր Իջևանի բժշկական կենտրոնում էին «Էրեբունի» բժշկական կենտրոնի առաջատար մասնագետները
Society«Էրեբունի» բժշկական կենտրոնի տնօրինության նախաձեռնությամբ այսօր բարեգործական ակցիայով Տավուշի մարզում էին կենտրոնի մի խումբ առաջատար մասնագետներ՝ անոթային վիրաբուժության ծառայության ղեկավար Արամ Բադալյանը, էնդոկրինոլոգ Արմինե Սանամյանը, առիթմալոգիայի ծառայության ղեկավար Միհրան Մարտիրոսյանը, պրոկտոլոգիայի ծառայության ղեկավար Կարեն Շահնազարյանը: Առավոտից ճանաչված բժիշկները Իջևանի բժշկական կենտրոնում անվճար բժշկական ծառայություն մատուցեցին ավելի շուրջ երեք տասնյակ հիվանդների: Բարձրակարգ բժիշկները կատարեցին խորհրդատվություն, անցկացրին ախտորոշիչ հետազոտություններ, տվեցին համապատասխան ցուցումներ: Իսկ նեղ մասնագիտությունների գծով հետազոտման կարիք ունեցողները ոււղղորդվեցին մասնագիտացված կլինիկաներ:
Բարեգործական ակցիայով Տավուշի մարզ ժամանած բժիշկները հանդիպեցին նաև մարզպետ Հովիկ Աբովյանի հետ: Հանդիպման ընթացքում մարզպետը շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին՝ կարևորելով նման ակցիաների կազմակերպումը սահմանամերձ մարզի համար և առաջարկեց, որպեսզի դրանք լինեն շարունակական: Բժիշկները խոստացան, որ ակցիան կլինի շարունակական, և նոր հիվանդների հավաքագրումից հետո արդեն կնշանակեն հաջորդ այցի օրն ու մեծ սիրով հերթական բարեգործությամբ կրկին կայցելեն մարզ: