Նիդերլանդներում իրավապաշտպանները վերլուծելու են Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված խնդիրները
International newsՆիդերլանդների Լեյդենի համալսարանում մարտի 1-ին մի խումբ իրավապաշտպաններ և փորձագետներ վերլուծելու են Ադրբեջանում առկա ավտորիտար ռեժիմը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.infoլրատվական գործակալությունը:
Հանդիպմանը քննարկվելու են Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի, խոսքի ազատության, քաղբանտարկյալների հետ կապված մի շարք հարցեր:
Քննարկմանը մասնակցելու են ադրբեջանցի իրավապաշտպաններ Արիֆ և Լեյլա Յունուսները, Եվրախորհրդարանի պատգամավոր Քաթի Պիրին, Քլիգենդաելի ինստիտուտի փորձագետ Պոլ Մայթսը, Ամնեսթի ինթերնեյշնլի քաղաքական հարցերով ներկայացուցիչ Նիկոլ Սփրոկելը և այլն:
Գործակալության փոխանցմամբ` Լեյլա Յունուսը հանդիպմանը բարձրաձայնելու է Ամնեսթի ինթերնեյշնլ կազմակերպության` Ադրբեջանի քաղբանտարկյալների հետ կապված գործունեության մեջ առկա խնդիրները:
«Այս կազմակերպությունը խնդիրներ ունի Ադրբեջանի քաղբանտարկյալների թվաքանակի, նրանց նկատմամբ վերաբերմունքի հետ կապված հարցերում և ես գտնում եմ, որ դրանք պետք է բարձրաձայնվեն»,- ասել է Յունուսը:
Ալիևյան բռնատիրական վարչակարգի կամակատար ոստիկանությունը եւ անվտանգության ուժերը հետեւողականորեն շարունակում են օգտագործել բոլոր միջոցները՝ հետապնդելու իշխանություններին քննադատող անձանց: Այս նպատակով Ադրբեջանում լայնորեն կիրառվում է շանտաժը, լրագրողների անձնական կյանքի վերաբերյալ տեսանյութերի հրապարակումը, նրանց դեմ ուղղված հարկերից խուսափելու, թմրամոլության եւ խուլիգանության մեղադրանքները: Իշխանությանը արտասահմանից քննադատող գործիչների վրա Ադրբեջանի իշխանությունները ճնշում են գործադրում նրանց ադրբեջանաբնակ հարազատների միջոցով: