Երկու հոգու վրաերթի ենթարկած վարորդի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին. նա ևս հոսպիտալացվել է
SocietyՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը փետրվարի 28-ին, ժամը 15:51-ին տեղեկություն է ստացել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Սպանդարյան և Նալբանդյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սպանդարյան և Նալբանդյան փողոցների խաչմերուկում «Mercedes E320» մակնիշի 35 OX 541 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1946 թ. ծնված Գ. Ա.) վրաերթի է ենթարկել 1995 թ. ծնված Հ. Հ.-ին և 1992 թ. ծնված Գ. Գ.-ին, այնուհետև բախվել գազատար խողովակին և պատին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել վարորդին, Հ. Հ.-ին և Գ. Գ.-ին, ովքեր հոսպիտալացվել են Էջմիածնի բժշկական կենտրոն։ Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: