Աֆրինում խաղաղ բնակիչների շրջանում զոհերի թիվը հասել է 197-ի
International newsԹուրք-սիրիական սահմանային Աֆրինի շրջանում, որտեղ թուրքական ԶՈւ-ն իրականացնում է «Ձիթենու ճյուղ» անունը կրող ռազմական գործողությունը, զոհված խաղաղ բնակիչների թիվը հասել է 197-ի:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է nerinaazad.info լրատվական կայքը:
Աֆրինի գլխավոր հիվանդանոցի փոխանցմամբ` զոհերից բացի խաղաղ բնակիչների շրջանում կան նաև 600 վիրավորներ: Հիվանդանոցի փոխանցմամբ՝ այժմ դեղորայքի լուրջ սղություն կա, բայց «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության պատճառով միջազգային կազմակերպությունների և կառույցների կողմից Աֆրին ուղարկված մարդասիրական օգնությունը չի կարողանում հասնել քաղաք:
Թուրքիայի զինված ուժերը նախորդ շաբաթ կրակ էին բացել մարդասիրական առաքելությամբ Աֆրին ուղևորվող ավտոշարասյան և ճանապարհին գտնվող այլ մեքենաների ուղղությամբ:
Թուրքական ԶՈւ կրակի հետևանքով 7 մարդ վիրավորվել էր, մեկ մարդ` մահացել:
Թուրքիայի զինված ուժերը հունվարի 20-ից Սիրիայի Աֆրին շրջանում քրդերի դեմ ռազմական գործողություն են սկսել, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Պաշտոնական Դամասկոսը դատապարտել է Աֆրինում Թուրքիայի գործողությունները՝ նշելով, որ Աֆրինը Սիրիայի անբաժան մասն է:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի 20-ին, հայտարարել էր, որ թուրքական ԶՈւ-ն պատրաստվում է շրջափակման մեջ վերցնել Աֆրինի նույնանուն շրջկենտրոնը: