Պուտինն ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի միջամտության մեղադրանքների ապացույցներ է պահանջել
International newsՌուսաստանը պետք է ուսումնասիրի ապացույցները եւ ինքնուրույն որոշում կայացնի ԱՄՆ-ում 2016 թվականի ընտրություններին միջամտելու համար մեղադրվողների մեղավորության շուրջ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ամերիկյան NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ–ը։
Երկրի ղեկավարը մեկնաբանել է ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի 13 քաղաքացիներին եւ երեք ռուսական կազմակերպություններին ուղղված մեղադրանքները, որոնց Վաշինգթոնը կասկածում է ամերիկյան ընտրություններին միջամտելու մեջ։
«Մենք չենք կարող պատասխանել մեղադրանքներին, եթե մեղադրյալները չեն խախտել ռուսական օրենքները: Ես պետք է տեսնեմ՝ ինչ են այդ մարդիկ արել: Տվեք մեզ փաստաթղթերը, համապատասխան տեղեկությունները»,-ասել է Ռուսաստանի նախագահը` պատասխանելով ԱՄՆ ընտրություններում արտաքին միջամտության մասին հարցին:
«Իրավաբանական հիմնավոր կրթություն ունեցող մարդիկ պետք է հասկանան, որ մենք Ռուսաստանում չենք կարող քրեական հետապնդում իրականացնել մարդկանց նկատմամբ, եթե նրանք չեն խախտել ռուսական օրենսդրությունը։ Եթե ԱՄՆ–ում Ռուսաստանից որեւէ գործողություն են ակնկալում, ապա պետք է դիմեն Ռուսաստանի Գլխավոր դատախազություն։ Դա պետք է լինի պաշտոնական խողովակներով, ոչ թե մամուլի եւ քննադատության միջոցով»,–նշել է Պուտինը։