Սլովակիայում հետաքննող լրագրողի սպանության 7 կասկածյալները ազատ են արձակվել
International newsՍլովակիայում հետաքննող լրագրողի սպանության կապակցությամբ ձերբակալված յոթ կասկածյալներն ազատ են արձակվել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Յան Կուչիակը և իր հարսնացու Մարտինա Կուսնիրովան սպանվել են իրենց տանը փետրվարի 25-ին: Կուչիակը կոռուպցիոն մեղադրանքների մասին հոդվածներ էր գրում:
Սպանությունը ցնցել է ողջ երկիրը: 25 քաղաքում դրա համար բողոքի ակցիաներ են կազմակերպվել: Լրագրողը հետաքննում էր ենթադրյալ քաղաքական կոռուպցիան՝ կապված Սլովակիայում իտալական կազմակերպված հանցավորության հետ: Թեև նա չի հասցրել ավարտել հոդվածը, սակայն այն հրապարակվել է հետմահու:
Ոստիկանությունը հաղորդել է, որ 7 կասկածյալներն ազատ են արձակվել, քանի որ 48 ժամում ոչ մի ապացույց չի հայտնաբերվել: Կասկածյալներից մեկն իտալացի է, ով բիզնես կապեր ունի պաշտոնյաների հետ, ովքեր մոտ են կանգնած վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին:
Բրատիսլավայում երթի մասնակիցները բարձրացրել են սպանված զույգի նկարները և ցուցանակ, որի վրա գրված է եղել՝ «Լրագրողների վրա հարձակումը հարձակում է նաև բոլորիս վրա»: Ցուցարարներից ոմանք պահանջել են կառավարության հրաժարականը: