Տիգրան Մանսուրյանի ծննդյան 75-ամյակի առթիվ հոբելյանական համերգ կկազմակերպվի
ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ և աջակցությամբ նոյեմբերի 10-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան 75-ամյակին նվիրված հոբելյանական համերգ:
Համերգին կմասնակցեն Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը /գեղարվեստական ղեկավար Էդ. Թոփչյան/, Հայաստանի պետական կամերային երգչախումբը / գեղարվեստական ղեկավար Ռ. Մլքեյան/, «Հովեր» պետական կամերային երգչախումբը / գեղարվեստական ղեկավար Ս. Հովհաննիսյան/, Երևանի պետական կամերային երգչախումբը / գեղարվեստական ղեկավար Հ. Թոփիկյան/, Իրինա Զաքյանը /սոպրանո/, Երաժշտական դպրոցների հավաքական երգչախումբը /դիրիժորական վահանակի մոտ՝ Տ. Մանսուրյան/:
Հոբելյանական համերգի ծրագրում ընդգրկված են՝ Տիգրան Մանսուրյանի չարենցյան և իսահակյանական երգչախմբային շարքերը, «Դպիր տաղ կարդալն», «Խուտուտ-մուտուտ», «Ասացվածք հոր համար», «Կինոերաժշտություն» /պոպուրի/, «Պարտիտ» սիմֆոնիկ նվագախմբի համար /3-րդ, 4-րդ մաս/, «Ես իմ անուշ Հայաստանի», «Հավատով խոստովանիմ» /հայաստանյան պրեմիերա/ սիմֆոնիկ, վոկալ և խմբերգային ստեղծագործությունները:
Երեկոյի ընթացքում անդրադարձ կկատարվի կոմպոզիտորի կինոերաժշտությանը և ֆիլմերին, կցուցադրվեն վավերադրվագներ կոմպոզիտորի կենսագրությունից: Համերգի ռեժիսորն է Արամ Սուքիասյանը: