Խոշոր վթար Երեւանում. բախումից հետո Mitsubishi-ն հարվածել է նաեւ շինության պատին եւ բռնկվել. կա վիրավոր (Ֆոտո)
SocietyԵրեւանում, այսօր՝ մարտի 5-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել. ժամը 06։40-ի սահմաններում Նաիրի Զարյան եւ Գրիբոյեդով փողոցների խաչմերուկում բախվել են 56-ամյա Սոս Ք.-ի վարած Volkswagen մակնիշի 34 AN 351 համարանիշի եւ 34-ամյա Սերյոժա Մ.-ի վարած Mitsubishi մակնիշի 17 CP 007 համարանիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, բախման հետեւանքով Mitsubishi-ն դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, անցել հետիոտնի համար նախատեսված վայրով եւ բախվել բնակելի շենքի պատին, ինչի հետեւանքով էլ ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։
Վթարի հետեւանքով Mitsubishi-ի ուղեւոր 33-ամյա Արա Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ Mitsubishi-ի վարորդը ենթարկվել է բժշկական փորձաքննության։ Պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմած) վիճակում։