Լրատվամիջոցները պարզել են՝ ով է գրել Պուտինի դիսերտացիան
International newsՍանկտ Պետերբուրգի լեռնահանքային համալսարանի ռեկտորի դուստրը՝ Օլգա Լիտվինենկոն, հայտարարել է, որ հայրը՝ Վլադիմիր Լիտվինենկոն, անձամբ է գրել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի դիսերտացիան:
Ինչպես հայտնում է svoboda.org-ը, Պուտինը թեկնածուական ատենախոսությունը պաշտպանել է 1997թ.՝ Լիտվինենկոյի ղեկավարած լեռնահանքային համալսարանում, որն այն ժամանակ դեռ ինստիտուտ էր:
Պաշտպանության ժամանակ Պուտինն աշխատում էր Մոսկվայում՝ ՌԴ նախագահի աշխատակազմում:
Օլգա Լիտվինենկոյի խոսքով՝ հայրը ռեկտոր նշանակվելուց հետո սկսել է կիրառել պաշտոնական լիազորություններն ու կազմակերպել է ապօրինի բիզնես՝ դիսերտացիաների պատրաստում:
«Փաստացի, երկրի հնագույն տեխնիկական բուհում կազմակերպվել էր հանցախումբ՝ բաղկացած հարգված մարդկանցից, պրոֆեսորներից, դասախոսներից, գիտաշխատողներից»,-նշել է ռեկտորի դուստրը:
Հայտնի է, որ պատրաստի դիսերտացիաներ գնողներին երաշխավորում էին դրա հաջող նախապաշտպանությունն ու պաշտպանությունը, իսկ հետո ռեկտոր Լիտվինենկոն գործն առաջ էր տանում Բարձրագույն ատեստացիոն հանձնաժողովի միջոցով:
«Իսկ Պուտինի համար նա անձամբ է դիսերտացիա գրել: 1997թ., ամառ, մեր ամառանոց բերեցին պատճենահանման սարք, հայրս արձակուրդ վերցրեց: Պուտինը երբեք մեր ամառանոցում չի հայտնվել, երբեք չի խորհրդակցել հորս հետ դիսերտացիայի թեմայով, այլ կերպ ասած՝ դա նման չէր պրոֆեսորի մոտ եկած ասպիրանտի ու դասախոսի հարաբերությունների: Փաստացի, այդ ամենը գրել է բացառապես հայրս»,-պնդել է Լիտվինենկոն:
Նա գտնում է, որ հայրը Պուտինի համար դիսերտացիան անվճար է գրել՝ ի նշան երախտագիտության ռեկտորի պաշտոնը ստանալու հարցում ցուցաբերած օգնության համար: Բացի այդ, Պուտինն ու ռեկտորը համատեղ բիզնես են ունեցել: