Հայաստանը մասնակցում է Տորոնտոյի հանքարդյունաբերական ոլորտի աշխարհի խոշորագույն հավաքին
EconomicsՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Վարդան Գևորգյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 4-7-ը մասնակցում է Կանադայի Տորոնտո քաղաքում անցկացվող հանքարդյունաբերողների համաշխարհային ամենամյա հավաքին (PDAC):
Ինչպես տեղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Տորոնտոյի ֆոնդային բորսայում գրանցված են աշխարհի խոշորագույն հանքարդյունաբերող կազմակերպությունների մեծ մասը, և ամեն տարի հանքարդյունաբերողների հավաքն ունենում է բնական պաշարների շահագործումը վերահսկող մարմինների և մասնավոր ընկերությունների ավելի քան 25 հազար ներկայացուցիչներ՝ աշխարհի 125 երկրից։
Ամենամյա հավաքը հնարավորություն է տալիս համաշխարհային հանքարդյունաբերական համայնքին ծանոթանալ ոլորտի նորամուծություններին և գիտական նվաճումներին, քննարկել զարգացման հեռանկարները, ինչպես նաև դիտարկել հնարավոր մարտահրավերներն ու առաջադրել լուծումներ:
PDAC-ն համարվում է հանքարդյունաբերության զարգացման ժամանակակից միտումների և ներդրումային հնարավորությունների բացահայտման հարթակ, որտեղ նաև կառավարությունները ներկայացնում են իրենց երկրների ներուժը:
Վարդան Գևորգյանը մասնակցել է նաև կոնֆերանսի շրջանակում անցկացվող կառավարությունների ներկայացուցիչների կլոր սեղաններից մեկին, որտեղ իրենց երկրների փորձն են ներկայացրել նաև Սերբիայի և Բուլղարիայի կառավարությունների ներկայացուցիչները: Նախարարի տեղակալ Գևորգյանը ներկայացրել է վերջին տարիներին Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում իրականացված օրենսդրական բարեփոխումները: Այդ համատեքստում մասնավորապես կարևորվել է երկրաբանական ֆոնդի տեղեկատվության թվայնացումը: Անդրադարձ է եղել Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը (ԱՃԹՆ) Հայաստանի Հանրապետության անդամակցությանը:
Տորոնտոյի ամենամյա հավաքին մշտապես մասնակցում են նաև հանքարդյունաբերական ոլորտի հայաստանյան ընկերությունները։ Հայաստանից ներկայացված է Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագիրն իրականացնող Լիդիան ինթըրնեյշնլը՝ որպես Տորոնտոյի ֆոնդային բորսայում գրանցված, նորագույն տեխնոլոգիաներ կիրառող ընկերություն, որը Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում միջազգային ամենախոշոր ներդրումային ծրագիրն իրականացնողն է։